211652_close_icon
views-count934 դիտում article-date 21:22 09-12-2022

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ՊՊԾ-ն ԱԱԾ-ից առանձնացնող նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով Պետական պահպանության ծառայությունն առանձնացվում է Ազգային անվտանգության ծառայության մարմիններից, դառնում վարչապետին ենթակա առանձին մարմին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 62 կողմ, 28 դեմ ձայներ:

Նախագծով խմբագրվում են նաև պաշտոնաթող նախագահներին և վարչապետերին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները: Այս դրույթները վերաբերելու են գործող և ապագա վարչապետերին ու նախագահներին: Ըստ դրույթների՝ Հանրապետության պաշտոնաթող նախագահների դեպքում սահմանվում է 7 տարվա, իսկ պաշտոնաթող վարչապետերի դեպքում 10 տարվա ժամկետ, որից հետո վերջիններիս համար պետական պահպանություն տրամադրելու հնարավորությունը նախատեսվում է վարչապետի որոշմամբ:

ԱԺ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն կտրամադրվի նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին: Այս դրույթը գործելու է օրենքն ընդունելու պահից սկսած:

Նախագծով Պետական պահպանության ծառայության պետի և վերջինիս տեղակալի համար նախատեսվել են ոչ զինվորական, վարչական պաշտոններ: Ծառայությունում նախատեսվում են ծառայության պետի տեղակալի՝ ինչպես զինվորական ծառայության պաշտոններ, այնպես էլ ոչ զինվորական ծառայության պաշտոններ: Պարզեցվել են վերջիններիս պաշտոնի նշանակման ներկայացվող պահանջները, որի արդյունքում վերոնշյալ պաշտոնները կարող են համալրվել նաև քաղաքացիական անձանց կողմից:

Հանրապետության նախագահի, վարչապետի և նրանց ընտանիքի անդամների համար գործող կարգավորումներով ամրագրված անձնական բժիշկ ունենալու փոխարեն առաջարկվում է սահմանել, որ վերջիններիս համար ապահովվելու է ՀՀ-ում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Նույն կարգավորումն է նախատեսվում նաև ԱԺ նախագահի և նրա ընտանիքի անդամների համար:

Ընդդիմադիր պատգամավորները դեմ էին նախագծին՝ նշելով, որ այն ուղղված է «սուպերվարչապետությանը»: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի կարծիքով, օրինակ, ՊՊԾ-ն կարող էր լինել ինքնավար մարմին:

Նմանատիպ նյութեր