211652_close_icon
views-count1186 դիտում article-date 22:40 09-12-2022

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է բարձրացնել խաղային ոլորտի (ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի) հարկային բեռը: Գործող օրենսդրությամբ ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպումը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որոնց իրականացման համար սահմանված է տարեկան 600 մլն դրամի չափով պետական տուրք: Բացի այդ, ինտերնետ շահումով խաղերի գործունեությունը 2021 թ. հունվարի 1-ից, իսկ տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի գործունեությունը 2020 թ. հունվարի 1-ից սկսել են հարկվել շահութահարկով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը, այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ընթացքում՝ դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստում:

«Խնդիրն այն է, որ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ, անգամ այս փոփոխությունները հաշվի առնելով, ոլորտում ստեղծվող նոր արդյունքի հարկման գործող կարգավորումները համարժեք չեն, եւ, ըստ այդմ, անհրաժեշտ է լրացուցիչ միջամտություն»,-մանրամասնել է Արման Պողոսյանը:

Ըստ վիճակագրության՝ 2017 թ.-ից ոլորտի ծավալներն էականորեն աճել են: Մասնավորապես, 2017 թ. ոլորտի կողմից ընդունվող խաղադրույքների ծավալը կազմել է շուրջ 140 մլրդ դրամ, 2018 թ.՝ շուրջ 330 մլրդ դրամ: 2019 թ. խաղադրույքների ծավալը հատել է 1 տրիլիոնի շեմը, իսկ 2021 թ.՝ կազմել 4 տրիլիոն: 2022 թ. առաջին ինն ամիսների արդյունքներով գրանցվել է ավելի քան 4,2 տրիլիոն դրամի խաղադրույք:

Վիճակագրությունը փոխելու եւ պետական բյուջեի համար լրացուցիչ հարկային եկամուտներ հավաքագրելու ակնկալիքով գործադիրն առաջարկում է գործող լիցենզիայի համար նախատեսված պետական տուրքից նախատեսել նաեւ պետական տուրք՝ խաղադրույքներ ընդունելու իրավունք ձեռք բերելու համար:

Մասնավորապես, առաջարկվում է, որ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները յուրաքանչյուր 100 մլրդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար վճարեն լրացուցիչ 175 մլն դրամ, իսկ տոտալիզատորների կազմակերպիչները՝ յուրաքանչյուր 50 մլրդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար վճարեն 50 մլն դրամ:

Արման Պողոսյանը նշել է, որ ուսումնասիրվել է շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման գործունեության հարկման միջազգային փորձըգ գնահատելով վարչարարական կարողություններն ու կազմակերպիչների մոտ ներդրված համակարգերը՝ ընտրվել է գործուն հավասարակշռված լուծում:

Պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Հովիկ Աղազարյանը, Սիսակ Գաբրիելյանը, Լիլիթ Ստեփանյանն իրենց հարցադրումներում մտահոգություն են հայտնել ներկայացված վիճակագրական տվյալների առնչությամբ՝ այն համարելով սոցիալական նշանակության լուրջ խնդիր եւ մարտահրավեր:

Ծովինար Վարդանյանը ողջունել է գործադիրի ներկայացրած նախաձեռնությունը, որով խաղադրույքներ ընդունող կազմակերպությունների համար կսահմանվեն առավել սահմանափակումներ:

Խորհրդարանը դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում քվեարկությամբ ընդունել է օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ:

Նմանատիպ նյութեր