211652_close_icon
views-count1197 դիտում article-date 18:06 09-12-2022

Ադրբեջանն ուզում է բռնությամբ արտատարածքային ճանապարհ ստեղծել. Արայիկ Հարությունյանը Լիոնում հռչակագիր է ստորագրել

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 8-ին այցելել է Լիոն քաղաք, որտեղ տեղի է ունեցել հանդիպում Օվերն Ռոն Ալպ շրջանային խորհրդի փոխնախագահներ Նիկոլա Դարագոնի և Թերի Կովակսի և շրջանային խորհրդի պատասխանատուների հետ:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ իր խոսքում նախագահ Հարությունյանը նշել է, որ Ֆրանսիայի տարբեր վարչական շրջանների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկը, և ընդգծել Օվերն Ռոն Ալպ շրջանի  հետ ավանդական դարձած կապերի հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում համոզմունք է հայտնվում, որ Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի միջև հակամարտությունը կկարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, մարդու իրավունքների և միջազգային համաձայնագրերի հարգման պայմանով, ինչպես նաև կոչ է արվում Ֆրանսիային, Եվրամիությանը և միջազգային հանրությանը համախմբված մնալ՝ պաշտպանելու համար Հայաստանի և Արցախի իրավունքներն ու տարածքային ամբողջականությունը:

Հռչակագրում ասվում է, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ Հայաստանի և Արցախի դեմ հարձակումներն ու ռմբակոծությունները շարունակվում են, ինչը վկայում է, որ Ադրբեջանը չի պատրաստվում հարգել հայտարարության դրույթները և ոչ էլ դրան հաջորդած բանակցությունների ընթացքում իր ստանձնած պարտավորությունները:

«Արցախից հետո հարձակման ենթարկելով Հայաստանը, ռմբակոծելով և մասնավորապես թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ Ադրբեջանը ցանկանում է բռնությամբ արտատարածքային ճանապարհ (միջանցք) ստեղծել իր տարածքի և Նախիջևանի միջև՝ կտրել-անցնելով Արցախի տարածքը և Սյունիքի մարզը»,- ընդգծվում է հռչակագրի մեջ:

Օվերն Ռոն Ալպ շրջանը վերահաստատել է իր հավատարմությունը ազատության, ժողովրդավարության և հավասարության սկզբունքներին և գաղափարներին և անհանդուրժելի համարել հարձակումները սահմանների երկայնքով և քաղաքացիական բնակչության ռմբակոծումները, որոնց միջոցով Ադրբեջանը նպատակ ունի ստիպել Հայաստանին գնալ զիջումների Արցախի հարցում և ընդունել Արցախի նկատմամբ ադրբեջանական ինքնիշխանությունը:

Այցի ընթացքում Հանրապետության նախագահը  հանդիպել է նաև Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի հետ:

Քննարկվել են Լիոն քաղաքի հետ կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Լիոնի քաղաքապետը հավաստիացրել է, որ Արցախում հումանիտար ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքները հետագայում ևս կշարունակվեն:

Նմանատիպ նյութեր