211652_close_icon
views-count696 դիտում article-date 16:21 24-11-2022

Հանրակրթության ոլորտում ռազմավարական ներդրումների մեր որոշման թափանիվը սկսել է շարժվել. Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում 2022 թվականի բյուջեի մասին օրենքով հատկացված միջոցներից կատարվեց վերաբաշխում 1 մլրդ 933 մլն դրամի չափով՝ 96 դպրոցի շենքային պայմանների և գույքային հագեցվածությունն ապահովելու նպատակով:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ նախագծով նաև գումար է հատկացվում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզի որոշ դպրցների՝ գույքային ապահովման նպատակով. «Այս աշխատանքները հնարավորություն են տալիս լուծել մարզպետարանների գույքագրած՝ դպրոցներում առկա հրատապ խնդիրները՝ ջեռուցման, տանիքի և սանհանգույցների վերանորոգման տեսանկյունից»,- ասաց նա:

Դումանյանը նշեց, որ չզեկուցվող փաթեթում ընդգրկված 8 մանկապարտեզի և 13 դպրոցի գույքով ապահովելու որոշումներ են ընդունել. դրանք ընդգրկված են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում:

«Ինչպես զեկուցվող նախագիծը, այնպես էլ չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունված երկու նախագծերն այն որոշումներից են, որոնք համոզված եմ՝ մեծ էներգիա են տալիս, որովհետև մենք տեսնում ենք, որ հանրակրթության ոլորտում ռազմավարական ներդրումներ իրականացնելու մեր որոշման թափանիվը սկսել է շարժվել, և մենք շարունակում ենք խոշոր ներդրումներ անել հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտում»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը թվարկեց բոլոր դպրոցները և մանկապարտեզները, որոնց ուղղվելու է գումարը. «Նույնիսկ ամենափոքր կոսմետիկ նորոգումները պետք է տեղի ունենան նոր ստանդարտով, ընդ որում՝ միայն ծեփամածիկի որակի մասին չէ խոսքը, այլ նաև դիզայնի»,- հայտարարեց Փաշինյանը և հայտնեց, որ շատ է խոսվել այդ մասին, բայց էլի է խոսելու քանի դեռ անձամբ իր այցերի ընթացքում ցանկալի որակը չի արձանագրվել:

Նմանատիպ նյութեր