Ռուսաստանի նշանակությունը հետխորհրդային տարածքում այժմ շատ փոքր է․ «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանի նշանակությունը հետխորհրդային տարածքում այժմ շատ փոքր է․ «Ամերիկայի ձայն» Ղազախստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները միշտ էլ մեծ նշանակություն են ունեցել: Սակայն, փորձագետների կարծիքով, կողմերի միջեւ համերաշխությունը, որը գոյություն ուներ նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի օրոք, այլևս սպառվել է: Կրեմլին նկատելիորեն զայրացնում է Աստանայի ընդգծված «սառը» դիրքորոշումը Ուկրաինայի պատերազմի հարցում և հատկապես Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արեւելքում անցկացված հանրաքվեները քննադատելու քաղաքականությունը:

Սկզբունքորեն, Աստանայի և Մոսկվայի միջեւ հարաբերություններում լուրջ առաջընթաց չպետք է լինի, «Ամերիկայի Ձայն»-ի Ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նշել է քաղաքագետ Արկադի Դուբնովը։ Նրա կարծիքով, այստեղ ամեն ինչ «երերուն է ու ոչ այնքան կայուն»։

«Կարծում եմ, որ Մոսկվան առաջին հերթին հոգ կտանի Աստանայի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունների առումով և Եվրասիական միության շրջանակներում համագործակցության ակտիվացման համար։ Այստեղ սկզբունքորեն ոչ մի նոր բան չկա։ Որովհետեւ եվրասիական տարածքում ամեն ինչի քաոսային վիճակի պայմաններում ԱՊՀ-ի շատ գործընկերներ ուղիներ են փնտրում՝ արեւմտյան երկրորդական պատժամիջոցներից խուսափելու եւ միաժամանակ` Ռուսաստանի հետ համագործակցություն հաստատելու համար», ասում է նա։

Նրա խոսքերով, Մոսկվան պետք է շատ ջանասիրաբար ընդհանուր լեզու գտնի, որովհետև եթե Ռուսաստանից հեռու մնալու Ղազախստանի սկսած գործընթացը շարունակվի, ապա այն կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: «Ռուսաստանի համար հետխորհրդային տարածքում Ղազախստանը զիջում է միայն Ուկրաինային։ Բայց քանի որ Մոսկվայի հետ հարաբերությունները հիմնականում թունավոր են դառնում նաև տնտեսական առումով, նշանակում է երկու կողմից էլ կա մեծ աշխատանք կատարելու կարիք»:

Այստեղ պետք է նշել նաեւ, որ Մոսկվայի կողմից իրականացված բազմաթիվ քայլեր, որոնք արվել են Աստանային «զսպելու» նպատակով, այդ թվում շանտաժի կիրառումը, ի վերջո, ունեցել են բումերանգի ազդեցություն` հարվածելով հենց Ռուսատանին: Վերլուծաբանի խոսքերով, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Ղազախստանի պատասխանը եղել է շատ գործնական՝ «ոչ սկանդալային, բայց շատ կոնկրետ». Փաստորեն, այս մոտեցումն է հեռացնում Աստանան Մոսկվայից։

Բացի այդ, երկու երկրների միջպետական հարաբերություններում պոտենցիալ պայթյունավտանգ թեմա է մնում հյուսիսային Ղազախստանի տարածքների խնդիրը, որոնք ռուսական ծայրահեղ աջ շրջանակներում կոչվում են «ի սկզբանե ռուսական», ամփոփում է Արկադի Դուբնովը։

Ռուսաստանի և Ղազախստանի միջեւ հարաբերություններն ավելի ու ավելի են սրվում, իր հերթին կարծում է քաղաքագետ Բորիս Կագարլիցկին, որը Ռուսաստանի արդարադատության նախարարության որոշմամբ ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ: Նրա խոսքով, դա տեղի է ունենում ոչ միայն այն պատճառով, որ Տոկաեւը փորձում է հեռանալ Մոսկվայից, այլ նաեւ այն, որ երկու երկրների միջեւ տնտեսական կապերը ենթարկվում են փոփոխության։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի պատերազմին, Ղազախստանը, ինչպես տարածաշրջանի երկրների մեծ մասը, չեզոք դիրք է գրավու: Սա արդեն վճռորոշ գործոն է Ռուսաստանի ու Ղազախստանի միջեւ հարաբերություններում, ասում է Կագարլիցկին։

«Դրա պատճառով Պուտինն է, ում քունը կարող է չտանել: Իսկ Տոկաեւին կարծես ավելի շատ այլ հարցեր են հուզում», ասում է նա ու, միտքը շարունակելով, ասում, որ «Ռուսաստանի նշանակությունը հետխորհրդային տարածքում այժմ շատ փոքր է»։

Մոսկվայի հիմնական խնդիրն այն է, որ նրա կապերը Կենտրոնական Ասիայի երկրների հետ թուլանում են, քանի որ թուլանում է ռուսական տնտեսությունը: Խոսքն առաջին հերթին վերաբերում է տեխնոլոգիական բնագավառին, ինչը, վերլուծաբանների խոսքերով, անշրջելի գործընթաց է:

Իհարկե, իներցիոն կապերը պահպանվում են, եւ դեռ երկար ժամանակ էլ կշարունակվեն, սակայն դրանք այլեւս չունեն քաղաքականության վրա ազդեցություն գործելու ո՛չ կարողություն, ո՛չ էլ ունակություն:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք