211652_close_icon
views-count705 դիտում article-date 19:53 23-11-2022

Կայացել է «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի է ունեցել «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոնը:

Փառատոնի նպատակն էր աջակցել Հայաստանի թանգարաններին՝ հուշանվերային արտադրանքը որպես թանգարանային գործունեության հանրահռչակման ժամանակակից միջոց դարձնելու և ավանդական արհեստների վերականգնման գործընթացն ապահովելու համար:

Երկօրյա փառատոնը միավորել էր Հայաստանի 7 մարզի (Սյունիք, Վայոց ձոր, Լոռի, Տավուշ, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիքի) տարբեր համայնքների, ինչպես նաև Երևանի և Արցախի 50-ից ավելի արհեստագործ վարպետների: Փառատոնում ներկայացվել են ավանդական արհեստները, այդ թվում՝ փայտի և քարի փորագրություն, տեքստիլ, ասեղնագործություն, կարպետագործություն, կավագործություն, մետաղագործություն և այլն: Այցելուները հնարավորություն են ունեցել մասնակցելու վարպետաց դասերին և ձեռք բերելու արհեստագործների վերջին հավաքածուները։

Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ/USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, «ՆՈՎԻԿԱ» միջազգային առցանց հարթակի նախագահ Արմենիա Ներսեսյանը, ինչպես նաև մշակույթի ոլորտի անվանի ներկայացուցիչներ, հյուրեր և մշակութասեր հանրություն:

Աստղիկ Մարաբյանը կարևորել է Հայաստանում արհեստագործության պահպանությունը՝ դիտարկելով դրա կենսունակության և փոխանցման ապահովումը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և համայնքների կայուն զարգացման գործոն:

«Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» փառատոնը հարթակ է, որն ուղղված է երկրի գյուղական համայնքների զարգացմանը, ստեղծագործական տարբեր համայնքների միջև կապի ամրապնդմանը և միևնույն բնագավառի մարդկանց շփման հնարավորությանն ու հետագա համագործակցությանը:

Նմանատիպ նյութեր