211652_close_icon
views-count41383 դիտում article-date 19:00 21-11-2022

Քեզ բացակա չենք դնի. Երևանում բացվեց «Բերդ» պարային համույթի սան, ՀՀ սահմանները պաշտպանելիս նահատակված, լեգենդ դարձած հերոս Լավրենտի Նատոյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաղբյուր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 օր է, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի 6Բ շենքի բակում  չի դադարում քաղաքացիների հոսքը, ովքեր ծաղիկներ են խոնարհում Հայաստանի սահմանները պաշտպանելիս նահատակված, լեգենդ դարձած հերոս Լավրենտի Նատոյանի հիշատակին նոյեմբերի 19-ին բացված խաչքարին և հուշաղբյուրին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Արցախի 6Բ շենքի բակում էին հավաքվել հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, արվեստի ու մշակույթի, հասարարական ու քաղաքական գործիչներ։

Մինչ խաչքարի վրայից հերոսի հայրը և եղբայրը կիջեցնեին սպիտակ սավանը, ՀՀ Պաշտպանության նախարարության Ն զորամասի նվագախմբի կողմից հնչեցվեց ՀՀ օրհներգը, ապա հոգևոր հովվի կողմից հնչեց Տերունական աղոթքն ու օծվեց նախ՝ խաչքարը, ապա՝ հուշաղբյուրը։ 

Ներկաները այնուհետև ծաղիկներ խոնարհեցին։

Հուզիչ էր «Բերդ» պարային անսամբլի կատարումը, որի սաներից էր նաև նահատակված հերոսը, ու երբ անսամբլը հերոսի հիշատակին բացված խաչքարի մոտ պարում էր հանրահայտ «Բերդ» պարը, ներկաներից շատերը հիշում էին հայ մեծ գրող Գևորգ Էմինի «Սասունցիների պարը», ու ասում էին.

«Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին,
Ուր ծիրանն է հասնում ճյուղին,
Ուր կտրին չիրն է քաղցրանում,
Ուր հոտը սարն է բարձրանում,
Ուր փեշի տակ Արագածի,
Տան կտրին նստած հացի,
Ձայն են տալիս իրար հերթով
Եվ գյուղամեջ գալիս խմբով,
Աղջիկները՝ կարմիր հագած,
Տղաները՝ փուշի կապած.
Երբ զուռնան իր ձայնը զլում՝
Դափի բերնից խոսքը խլում,
Աշնակ գյուղից հյուր է կանչում
Շղարշիկին ու Աղաքչուն,
Կաթնաղբյուրին, Դավթաշենին,
Իրինդին ու Սասնաշենին,
Թե՝ հերի՜ք է հնձե՛նք, վարե՛նք,
Եկեք Սասնա պա՜րը պարենք»։

Նատոյան Լավրենտի Կարենի 

Ծնվել է 2004թ. ապրիլի 13-ին։ 2010թ. սովորել է Երևանի Վահան Տերյանի անվան 60 հիմնական դպրոցում։ Այնուհետև 2019թ. սովորել է 119 ավագ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո 2021թ. ընդունվել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի բաժնի պարարվեստի ֆակուլտետ։

Առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ՝ 2022թ. հուլիսի 28-ին։ 8 տարեկանից հաճախել է Երկաթուղայինների «Անի» պարախումբ, պարել է Robstyle խմբում, «Սարդարապատ» համույթում», «Բերդ» պարային անսամբլում։ Մասնակցել է բազում համերգների և արժանացել պատվոգրերի և մեդալների։

Բարի էր, ընկերասեր, հումորով ու նպատակասլաց։

Լավրենտին զոհվել է 2022թ սեպտեմբերի 13-ին, Սոթքի զորամասում։

Հավերժ փա՛ռք Քեզ, հերոս


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 305+
305+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր