Մարտուն Սիմոնյանի հերթական փոքր արձակ գործը` նվիրված տառապած ու չչարացած մարդկանց

Մարտուն Սիմոնյանի հերթական փոքր արձակ գործը` նվիրված տառապած ու չչարացած մարդկանց Ինչպես տեղեկանում ենք մեր գործընկեր, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հեռուստառադիոհաղորդումների թողարկման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր Մարտուն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից, նրա հերթական փոքր արձակ գործը նվիրվում է տառապած ու չչարացած մարդկանց․

«Հերթական փոքր արձակ գործս նվիրվում է տառապած ու չչարացած մարդկանց։

Պրոթեզով աղջիկը
   Ձմեռ գնացող արևը միլիոներորդ անգամ նույն դաշտի վրա էր, որտեղ ուրիշ քուռակ էր հրճվում՝ տրոյական ձիու պես մեծ իր ստվերով։ Նա կապված էր երկար թոկով, որի մի ծայրին ցից կար՝ խրված հին հողում։ Հողը թաց էր, ինչպես Մեծ ջրհեղեղից հետո, ու՝ սև։ Ոտքերը խրվում էին հողի մեջ ու ծանրանում ցեխից։ Նա կապված էր ու երջանիկ՝ իր դաշտով, ստվերով ու մորով, որին կարոտեց, երբ ձանձրացավ ստվերով հրճվելուց։ Իր ու մոր տերը գյուղի հին հովիվն էր՝ մոր հետ ծերացած հովիվը։ Քամին ամպ բերեց։ Ամպը ավերեց ստվերը։ Ավելի կարոտեց մորը։ Հեռվում՝ ձորակի մյուս ափին, երևաց ծեր Բողարը՝ կուրացող, փոքրացող ու փոխարինված Բողարը, որին հոտի հետ սարերն էր հանում հին սովորությունը։ Հետո երևաց հոտը, հետո հովիվը՝ մոր վրա։ Քուռակը վազեց, թոկը ձգվեց, թեքվեց հին հողում խրված ցիցն ու կարոտած պոկվեց հողից։ Վազեց ազատ քուռակը, ինչպես կվազեր Մեծ ջրհեղեղից առաջ, երբ աշխարհում հովիվ, թոկ ու ցից չկար ու նոր էր հողը։ Վազեց ու գլորվեց։ Չհասավ, ու մանկություն ընկավ ձորակը։
***
   Գարուն եկող արևը միլիոներորդ անգամ նույն կյանքն էր բերում երկիր ու հին կրքով համբուրում հին հողի սառած շուրթերը, շոյում ծեր մարմինը։ Արթնացող հողից հաճույք էր բուրում։ Արևի ու հողի ծեր սիրո թարմ հոտը մտնում էր տներն ու գոմերը, ծառի ու մարդու սիրտը։ Մտնում էր ու նորոգում մի հին պատմություն, մի հին սովորություն․․․ հին կրկնություն։ Գյուղն արթանում էր՝ արթնանալու հին անհամբերությամբ։ 
   Աննան վազում էր դպրոց ու երազում կարմիր «BMW»-ի մասին։ Շապիկից կառչած զատիկը հազիվ էր դիմադրում վազքի քամուն։ Աննան նկատեց նրա պայքարն ու կանգնեց՝ երազանքը մոռացած։ Փոքրիկ մատներով բռնեց զատիկին, հաշվեց պուտերն ու որոշեց տարիքը։ «Զատի՜կ ջա՜ն, զատի՜կ, մեր կովը ե՞րբ կծնի»,- հարցրեց, թռցրեց ու հետքին նայելով՝ վազ տվեց փողոց։ Պողոսն արգելակեց ու մանկություն բախվեց բեռնատարին։ Անիվն անցավ աջ ոտքի վրայով։ Մեռնող ոտքի ցավից աղջկա ծղրտոցն էլ մեռավ։ Պողոսը վախով գրկեց զատիկի պես թեթև մարմինը, դրեց բեռնատարն ու շարժվեց դպրոցի հակառակ ուղղությամբ։
***
   Ամառ հասնող արևը միլիոներորդ անգամ հիանում էր հին հողի ծանոթ սեթևեթով, կանչող մարմնի բույրով, նորից հանճարեղ երևալու նրա ջանքով, երկիրն ավելի փարթամ դարձնելու տռփանքով, տրվելու և բարիք ծնելու ցանկասիրությամբ։ Ու տրվելու էր հողը արևին, ու տրվելու էր միլիոներորդ անգամ։ Ու կրկնվելու էր հին հողի ու հին արևի սիրո նույն պատմությունը։ Ու սիրո նույն պատմության մեջ ուրիշ էր լինելու մարդու երազանքը։
   Աննան կաղում էր դպրոց՝ էժան, ծանր ու անորակ նոր ոտքով։ Պրոթեզը գոտիով կապված էր մեջքից։ Գոտին սև էր, սև հետք թողնող։ Մտքում հանդեսի ոտանավորն էր. «Աղվեսն ընկավ մի մեծ հոր, բայց ի՞նչ աներ՝ շատ էր խոր։ Կանգնեց ոտքի, ուզեց ցատկի, բայց վախեցավ ընկնի, սատկի…»։  Հետևից դանդաղ քայլում էր Գրիգորը՝ երկու պայուսակով։ Աննան դասարանի միակ աղջիկն էր, Գրիգորը՝ հինգ տղաներից մեկը։ Ու տղերքով որոշել էին, որ ամեն օր մեկը պիտի Աննայի պայուսակը բռնի՝ մինչև նա վարժվի նոր ոտքին, մինչև նա վարժվի դրանից բացի այլ ծանրություն քարշ տալուն։ Գրիգորի մայրը որոշել էր շարժուն ու սիրուն աղջկան հարս բերել, երբ նա մեծանա։ Պողոսի բեռնատարի անիվը ճխլել էր այդ մտադրությունը։ Ու կաղում էր Աննան դպրոց՝ երազելով ավելի հարմար ոտքի մասին։ Ու կաղում էր դանդաղ, ու կաղում էր զգույշ, որ պրոթեզը չանջատվի ոտքից, որ նախկին  անջատումներից առաջացած վերքերը չբացվեն, որ ցավը չնորոգվի։ Ու չխաղաց Աննան, ու չվազեց, ու չպախկվեց, ու չցատկեց Աննան։ 
***
   Արևը հասել էր ձմեռ, ու սպառվել էր հողին սիրելու կիրքը։ Հին հողը միլիոներորդ անգամ շպարվել էր թարմ ձնով ու սպիտակ էր երկիրը։ Ու ճաքճքվեց լքված հողը, ու նոր մանկություններ ճզմվեցին փլատակներում։ Երկրաշարժը սովետական Հայաստան բերեց գերմանական ոտքեր։ Մեկն էլ Աննային հասավ։ Նոր պրոթեզը թեթև էր, գոտի չուներ, վակուումով էր ու ծունկը լավ էր ծալվում։ Սպիացան հին պրոթեզի վերքերը, մաքրվեց մեջքի սև հետքը։ Աննան փոփոխությունից երջանիկ էր։ Նոր ոտքը հեշտություն բերեց կյանք, բայց հին ոտքը բարդույթը չտարավ։  
   Ու մեծացավ Աննան, ու փոխվեցին ոտքերը, ու նորոգվեց բարդույթը։ Պրոթեզով աղջիկը համալսարան եկավ. նոր, աղմկոտ ու անսովոր աշխարհ։ Ու վազում էր կյանքը, ու հետևից կաղում Աննան, ու կիսատ էր Աննան։ Սիրահարվեց, բայց վախեցան սիրել։ Մտածեց՝ ոտքը խանգարեց ու նահանջեց։ Դեռ սիրում է Աննան, ու վախում են սիրել։
***
   Աննան հիմա ապրում է գործավարի համեստ աշխատավարձով։ Գյուղապետարանի մոտով անցնողը կլսի զատիկի հետքին նայելով փողոց վազած աղջկա փոխված ձայնը, գերմանական ոտքի մասին հումորները, ծիծաղը ու կմտածի, որ երջանիկ կին է Աննան»։

 

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք