44-օրյա պատերազմի հերոսը` հողմային էներգիայի գյուտի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

44-օրյա պատերազմի հերոսը` հողմային էներգիայի գյուտի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մտավոր սեփականության գրասենյակը վերջերս արտոնագիր է շնորհել «Հողմաէներգետիկ տեղակայանք» գյուտի համար: Գյուտի հեղինակներից էր ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող, 44-օրյա պատերազմում նահատակված Նորայր Արտեմյանը:



Գյուտը վերաբերում է հողմային էներգիային և կարող է օգտագործվել այլընտրանքային էներգետիկայի բնագավառում: Խոսքը հողմաշարժիչի նոր տեսակի մասին է:  Ի տարբերության արդեն ծանոթ հողմային շարժիչների, գյուտի այս տեսակի հողմաէներգետիկ տեղակայանքն ունի պտտվող, ուղղաձիգ լիսեռին միակցված թիակներ: Գյուտի առանձնահատկությունն այն է, որ հողմաշարժիչների թիակները կարող են պտտվել անգամ ամենաթույլ քամու դեպքում և, բնականաբար, էներգիա ստանալու տեսանկայունից ավելի արդյունավետ են:



 



Գյուտի գաղափարը ծնվել է տարիներ առաջ: Երևանի պետական համալսարանի ուսանող Նորայրը գյուտի գործնական աշխատանքներում ներգրավված է եղել մոտ վեց ամիս: Նա չորս հեղինակից /Նորայր և Ռոբերտ Արտեմյաններ, Արա և Հրանտ Ամիրյանները/ ամենաերիտասարդն էր, բայց հենց Նորայն էր  առաջարկել  գլխավոր դրույթները, որոնք էլ հիմք են ընդունել գյուտի ստեղծման համար:



Նորայրի հայրը` Ռոբերտ Արտեմյանը պատմում է, որ տղան դեռ զինվորական ծառայության մեկնելուց առաջ էր ուզում դիմել գյուտի գրանցման համար: Բայց հայրն ասել էր, որ վերադառնալուց հետո կզբաղվեն դրանով: Ինչ իմանար, թե հետո պիտի առանց որդու, առանց համահեղինակի իրականացներ նրա ցանկությունը:



 



19 ամյա Նորայրը հերոսաբար ընկավ 44 օրյա պատերազմի 33-րդ օրը:



Մարտունու շրջանի Շեխեր գյուղում մարտի ամենաթեժ պահին, երբ երկնքից ասես կրակ էր թափվում, փորձել էր հասնել վիրավոր զինակցին ու մոտեցնել շտապօգնության մեքենային, չէր հասցրել, զոհվել էր` վիրավորի հետ միասին:



 



Նորայրը մաթեմատիկական հատուկ ունակություններից բացի, հաջողություններ ուներ նաև սպորտում` լող, ձյուդո, ֆուտբոլ: Նրա սթափ դատելու ու խելամիտ հաշվարկներ կատարելու բացառիկ ունակությունները դրսևվորվել են նաև մարտի դաշտում: Նորայրին  պատերազմի ընթացքում առաջարկել են ծառայությունը շարունակել որպես դասակի հրամանատար և ղեկավարել մարտական գործողությունները: 19 ամյա երիտասարդի հրամանով արձակված ավելի քան 200 արկը մեծ կորուստներ են հասցրել թշնամու տեխնիկային և կենդանի ուժին:  Անհավանական էր, բայց մարտի ընթացքում կարողացել էր 3 անգամ ինքնուրույն նորոգել իր զինտեխնիկան:



 



Նորայր Արտեմյանը Արցախի Հանրապետության նախագահի



հրամանագրով հետմահու պարգևատրվել  է «Մարտական ծառայության» մեդալով:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք