211652_close_icon
views-count4490 դիտում article-date 10:31 10-11-2022

Վարդգես Պետրոսյանի հոբելյանական 90 ամյակն ու «Գարուն» ամսագրի 55 ամյակը

Օրերս Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ արձակագիր, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի ծննդյան 90-ամյակին և
«Գարուն» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական 
ամսագրի 55-ամյակին նվիրված գրական հանդիսություն։ Ներկա էին Հայաստանի գրողների միության անդամները, հրապարակախոսներ, գրականասերներ։

«Այսօր մենք նշում ենք զույգ հոբելյան, դրանք անբաժանելի են մեկը մյուսից, որովհետև մեկը մյուսի ծնունդն են։ Նշում ենք արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Վարդգես Պետրոսյանի ծննդյան 90-ամյակը, միաժամանակ նշում ենք «Գարուն» ամսագրի տպագրության 55-ամյակը։ Յուրաքանչյուր լրագիր և հանդես եզակի և անկրկնելի տեղ ունի գրականության մեջ, որոնց շնորհիվ էլ կրթվում է երիտասարդ սերունդն ու կրթում հասարակությանը,-ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։

Հայաստանի ազգային գրադարանի հարկի ներքո էին հավաքվել գարունականները, ովքեր գրադարանի Թամանյանական դահլիճում կիսվեցին ամսագրում իրենց աշխատած տարիների հուշերից։

««Գարուն» ամսագիրը անհնար էր փչացնել։ Վարդգես Պետրոսյանը այնքան հիմնավոր էր դրա հիմքը դրել, որ եթե անգամ ցանկանայիր էլ չէիր կարող այն փչացնել։ Մի ամբողջ սերունդ պարտական է Վարդգես Պետրոսյանին, նա մեծ խմբագիր էր և քաջ մարդ, ես նրան մեծապես պարտական եմ, քանի որ նրա շնորհիվ և նրա աջակցությամբ ես դարձա «Գարուն»-ի գլխավոր խմբագիր,-ասաց «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր (1986-1990թթ.) Մերուժան Տեր-Գուլանյանը։

Գրական հանդիսությանը ներկա էին «Գարունի» 1986-1990թթ. գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը, գրող, դրամատուրգ Ռոլանդ Շառոյանը։

Միջոցառման ժամանակ գարունականները կիսվեցին իրենց հուշերով, գրական փորձով, խորհուրդներ տվեցին ապագա գրողներին, և հրապարակախոսներին։

Հանդիսության վերջում միջոցառման կազմակերպիչներին շնորհակալական խոսք ասաց Վարդգես Պետրոսյանի դուստրը։

Հեղինակ՝ ՀՊՄՀ հեռուստալրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Սեդրակյան Անժելա

Նմանատիպ նյութեր