211652_close_icon
views-count889 դիտում article-date 16:25 10-10-2022

Հանրային մուլտիպլեքսում 4 սլոթի համար պայքարում է 6 հեռուստաընկերություն

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հոկտեմբերի 10-ին հրավիրված նիստում քննարկեց hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրային մուլտիպլեքսում չորս սլոթի համար պայքարում են «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ-ն, «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ-ն, «ՇԱՆԹ» ՍՊԸ-ն, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ-ն, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ-ն, «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ-ն:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, նախքան  հեռուստաընկերությունների ներկայացուցիչների ելույթները լսելը, հիշեցրեց, որ հերթական մրցույթն անցկացվել է 2021 թվականի հունվարին: Մրցույթին մասնակցել են հանրապետական ծածկույթի 12 ընկերություն, որոնցից հինգն ստացել են հանրապետական  սփռման ծածկույթի լիցենզիա: Ըստ օրենքի՝ լիցենզիան պետք է գործեր յոթ տարի ժամկետով:

«Տասներկու հեռուստաընկերություններից հինգն այն հեռուստաընկերություններն էին, որոնք ստացել էին ամենաբարձր թվանշանները և զբաղեցրել էին հանրապետական ծածկույթի սլոթերը, իսկ մյուսներն անցել էին մայրաքաղաքային ծածկույթի: Օրենքում հստակ նշված էր, որ այն հեռուստաընկերությունները, որոնք չեն հավաքում համապատասխան թվանշաններ հանրապետական ծածկույթի համար, իջնում են մայրաքաղաքային ծածկույթ: Շատ կարևոր է, որ 2021 թվականին մրցույթի արդյունքները որևէ դժգոհություն չէին առաջացրել ո՛չ քաղաքական ուժերի կողմից, ո՛չ կուսակցությունների, ո՛չ հանրային սեկտորի, ո՛չ միջազգային կառույցների, ո՛չ իրավապահ մարմինների կողմից»,-ընդգծեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ որևէ կառույց չէր առաջարկել բոլոր նյութերի համապատասխան աուդիտ անցկացնել, որոնց հիման վրա տրվել էին լիցենզիաները: «Մեր բոլոր թղթերը բաց էին, թափանցիկ: Մոտ երկու ամիս հանձնաժողովի աշխատակազմն աշխատել էր, հաշվի էր առել բոլոր չափորոշիչները: Ընդունվել էր կոլեկտիվ որոշում: Այս ամենից հետո «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը  դիմել է Վարչական դատարան: «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը հրաժարվել էր մասնակցել մայրաքաղաքային սլոթի հատկացմանը և իր կամքով չէր զբաղեցրել թվային մուլտիպլեքսում իր տեղը: Ընկերությունը երկու հայցով էր դիմել Վարչական դատարան. առաջին հայցով պահանջում էր դատարանից անվավեր ճանաչել մրցույթի արդյունքները, իսկ երկրորդ հայցով իրեն հաղթող ճանաչել մրցույթում: Առաջին հայցով դատարանը ի օգուտ Հ2-ի է որոշում կայացրել, և մենք, կատարելով այդ դատավճիռը, 2022-ի օգոստոսին հայտարարեցինք այս մրցույթի մասին»,-պատմեց Տիգրան Հակոբյանը:

Նա շեշտեց, որ հինգ սլոթից չորսն է մնացել, քանի որ Հ2-ը երկրորդ հայցով պահանջում էր իրեն ճանաչել մրցույթի հաղթող: «Երկրորդ դատական գործընթացը դեռ չի ավարտվել. տեսական հնարավորություն կա, որ դատարանը հաղթող կճանաչի հենց Հ2-ին, և Հ2-ը դիմել էր դատարան, որ սլոթերն ազատ պահվեն, որ այն զբաղեցնի իր տեղը: Այս անգամ դատարանը ոչ թե սառեցրել էր հինգ սլոթի մրցույթը, այլ միայն մեկի և թույլ էր տվել չորս սլոթի մրցույթն անցկացնել: Այն, որ մենք կատարում ենք դատարանի որոշումը, բացարձակ չի նշանակում, որ մենք համաձայն ենք այդ որոշման հետ»,-ընդգծեց Հակոբյանը:

ՀՌՀ նախագահն ասաց, որ հանձնաժողովը սպասում է մրցույթի ավարտին, որ դիմի պատկան մարմիններին նաև Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի հստակ քննարկեն նման որոշումների դրդապատճառները, քանի որ դրանք, ըստ ՀՌՀ նախագահի, տասնյակ հետևանքներ են ունենում:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ըստ օրենքի՝ ունի մինչև երկու ամիս ժամանակ  հեռուստաընկերությունների ներկայացրած ծրագրերն ուսումնասիրելու, դրանք նրանց եթերային քաղաքականության հետ համեմատելու, հիմնավորումները գրելու և որոշում կայացնելու համար:

Նմանատիպ նյութեր