211652_close_icon
views-count72867 դիտում article-date 21:18 09-10-2022

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են Porsche Cayenne-ը և «ԶԻԼ»-ը․ վերջինս կողաշրջվել է, կան զոհեր և վիրավորներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20․30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 38 կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, բախվել են Porsche Cayenne ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, և ըստ նախնական տեղեկությունների՝ կան նաև վիրավորներ։
 
Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է։
 
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ փրկարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի և դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։
 
ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը վթարի մասին տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում որոշմամբ, նախաձեռնվել է քրեական վարույթ, և հարուցվել է քրեական գործ։
 
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։
 
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։
 
Գ․ Շամշյանի տեղեկություններով, մահացածները վարորդներն են, վիրավորներն էլ՝ Porsche Cayenne-ի վարորդի հարազատները։
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
  
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր