211652_close_icon
views-count1142 դիտում article-date 12:20 04-10-2022

Նպատակ կա մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը կնքել․ Վիգեն Խաչատրյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Ինչպե՞ս է պատրաստվում Հայաստանը դուրս մղել թշնամուն ՀՀ ինքնիշխան տարածքից, ինչպես որ հայտարարում է Նիկոլը: Ստեղծված իրավիճակում կարելի՞ է խոսել այլեւս խաղաղության օրակարգի հաստատման մասին, այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել Վիգեն Խաչատրյանի հետ, ով նկատեց.

- Այդտեղ երեք հիմնահարց կա: Առաջինը` ճկուն դիվանագիտական քաղաքականություն վարել եւ ստանալ աջակցություն համապատասխան միջազգային կառույցների կողմից: Երկրորդը, դա, իհարկե, բանակի հզորացումն է: Եվ երրորդը` ներքին միասնությունն ու համախմբումը: Այդ երեք ուղղություններով պետք է աշխատել, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով դուրս մղել թշնամուն ՀՀ տարածքից:

- Այդքանով հանդերձ, ինչպե՞ս պետք է մեր տղաները կռվեն ու դիմակայեն թշնամուն, հաշվի առնելով նրանց օգտագործած գերժամանակակից զինտեխնիկան եւ մեր, մեղմ ասած, տխուր վիճակը սահմանում:

— Ամեն գնով պետք է պայքարենք, եւ այդ ուղղությամբ հետեւողական աշխատանք է տարվում, որ բանակը զինվի ժամանակակից զինմթերքով: Դուք գիտեք, որ նաեւ եկող տարվա բյուջով բանակի ծախսերը մոտ քառասունյոթ տոկոսով ավելանում են: Բանակի կոնցեպցիան եւս փոխվում է, նախատեսվում է պրոֆեսիոնալ ծառայողներով ամրապնդել բանակը: Այսինքն, երկու ուղղություն կա ե՛ւ կրթական, սպայական կազմի, ե՛ւ զինատեսակների ապահովման:

- Իսկ այս իրավիճակում, պարոն Խաչատրյան, այլեւս խաղաղության պայմանագրի ստորագրումն ինչքանո՞վ է ակտուալ, հաշվի առնելով թշնամու նկրտումները ու պարբերական հաթաթաները:

- Խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր դիրքորոշումը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հռչակվեց, եւ այդ սկզբունքների պահպանմամբ՝ նպատակ կա մինչեւ տարեվերջ այդ պայմանագիրը կնքել: Այդ պայմանագիրը ստորագրվելու է հանուն մեր վաղվա խաղաղության, հանուն մեր տղաների անվտանգության: Այսքանը, այս հարցի վերաբերյալ:

- Նաեւ կուզենայի Ձեր գնահատականը՝ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի հնչեցրած մտքերի վերաբերյալ, որ պետք է մենք ուզենք-չուզենք երկրորդ կապիտուլյացիային գնանք:

- Բարդ խնդիրներ կան, եւ ժամանակին այն, ինչ-որ հնչեցվեց մեզ մոտ՝ խորհրդարանում եւ մի փոքր դժկամությամբ ընկալվեց, հիմա բոլորը տեսնում են, որ միջազգային հանրությունը կարեւորում է Արցախի բնակչության իրավունքների խնդիրը: Այդ առումով բոլորը միակարծիք են՝ ե՛ւ ռուսները, ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ ԱՄՆ-ն: Այսինքն, ռուսները շարունակում են պնդել, որ ի դեմս նախագահ Պուտինի, որ Արցախի հարակից տարածքներն Ադրբեջանի անբաժանելի մաս են: Դա ռուսների տեսակետն է, որոնք գտնում են, որ կարգավիճակի հարցը պետք է լուծվի հեռու հեռանկարում: Հիմա կարեւորը՝ անվտանգության խնդիրները եւ իրավունքները, որ իրենք ստանձնել են, որ կերաշխավորեն, բայց, ինչպես տեսնում եք, այնքան էլ չի ստացվում: Միջազգային հանրությունը նույն կարծիքին է, որ Արցախը դա Ադրբեջանի մաս է, բայց պնդում են, որ կարգավիճակի հարցը հիմա պիտի լուծվի: Հայաստանի դիրքորոշումն է, որ պետք է քննարկել կարգավիճակի հարցը, իրավունքների հարցը, անվտանգության հարցը, որից էլ կբխի կարգավիճակը: Ադրբեջանը գտնում է, որ Արցախի հարց այլեւս գոյություն չունի, բայց մենք տեսնում ենք, որ որեւէ միջազգային կառույց, այդ թվում նաեւ Ռուսաստանը, դրա հետ չի համաձայնվում: Եվ իրականում միակ տեղաշարժը, որ նկատվում է, դա կարծես թե աստիճանաբար Բաքուն պատրաստակամություն հայտնում է քողարկված ձեւով երկխոսության մեջ մտնել Արցախի հետ: Արցախի նախագահն էլ իր հերթին ասաց, որ ճիշտ կլինի, որ իրենք ուղղակի ուղիղ երկխոսության մեջ մտնեն Բաքվի հետ:

- Լավ, իսկ Հայաստանին ի՞նչ է սպասվում:

- Պարզ է, որ Հայաստանի որեւէ միլիմետր մեր տարածքային ամբողջականությունից եւ ինքնիշխանությունից չի զիջելու: Սա է: Եվ այս մեր դիրքորոշումը միջազգային հանրության ջերմ աջակցությունն է ստանում, եւ բավականին գործնական քայլեր ենք նկատում մասնավորապես, երբ բոլորը պնդում են, որ Ադրբեջանը պիտի զորքերը հետ քաշի իր նախկին դիրքերը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր