211652_close_icon
views-count1861 դիտում article-date 17:45 03-10-2022

Հայաստանը ավելի շատ աջակցություն ստացավ ԱՄՆ-ից, քան Ռուսաստանից. Արմեն Գրիգորյան

Ադրբեջանի հետ մահացու բախումներից հետո Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» Միացյալ Նահանգների, քան թե իր դաշնակից Ռուսաստանի կողմից: Fox News լրատվական հեռուստաալիքն այսպես է բնութագրել վերջին իրադարձություններից հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ներկայացնելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ իր հարցազրույցը, որն արվել է հայ պաշտոնյայի՝ Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի ընթացքում:

Ըստ Fox News-ի՝ հայ պաշտոնյաները «անհանգստացած են», որ Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Հայաստանի հակառակորդին՝ Ադրբեջանին:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը նախորդ շաբաթ մի շարք կարևոր հանդիպումներ էր ունեցել ԱՄՆ-ում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի, Պաշտպանության դեպարտամենտի և Կենտրոնական հետախուզական վարչության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Fox News-ի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը Ադրբեջանին «նոր բան չէ», դա «երկար պատմություն է», որի մասին Հայաստանը բարձրաձայնել է Մոսկվայի առջև:

«Դա հրապարակային տեղեկություն է: Այո՛, դա ճիշտ է: Եվ դա շատ է անհանգստացնում մեզ: Դա նոր բան չէ», - ասել է Արմեն Գրիգորյանը Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների մասին:

Նմանատիպ նյութեր