211652_close_icon
views-count1742 դիտում article-date 16:06 02-10-2022

Մենենդեսը Սենատում հերթական նախաձեռնություններով է հանդես եկել ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, ով օրեր առաջ սենատոր Մարկո Ռուբիոյի հետ հանդես էր եկել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանաձևի նախագծով, սեպտեմբերի 30-ին հանդես է եկել ևս երկու նախաձեռնությամբ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի տարածած հաղորդագրության համաձայն՝ Մենենդեսի նոր նախաձեռնությունը ենթադրում է համապատասխան կարգավորումներ 2023 թվականի ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում», որոնք ԱՄՆ նախագահին զրկում են «907-րդ բանաձևի» կիրարկումից հրաժարվելու հնարավորությունից և արգելափակում Թուրքիային F-16 կործանիչների ու դրանց արդիականացման համակարգերի վաճառքը։ Ազատության աջակցության ակտի «907-րդ բանաձևի» կիրարկումից նախագահական հրաժարման օրենսդրական հնարավորության վերացումը ուղղակիորեն կզրկի Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից, նշված է հաղորդագրությունում:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է. - «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել սենատոր Մենենդեսին՝ Հայաստանին ու Արցախի համար իրական վտանգ ներկայացնող տարածաշրջանային երկու անխոհեմ ուժերին պատասխանատվության ենթարկելու իր ջանքերի համար։ Ներկայացված միջոցառումներն օրենսդրորեն կապահովեն, որ ԱՄՆ-ն այդ ուժերից որևէ մեկին չուղարկի զենք և ամերիկյան հարկերից գոյացած միջոցներ»։

Նմանատիպ նյութեր