211652_close_icon
views-count3926 դիտում article-date 18:13 01-10-2022

Ուկրաինական ուժերը մտել են Դոնեցկի շրջանի Լիման ավանը

Ուկրաինացի զինծառայողները մտել են Դոնեցկի շրջանում գտնվող Լիման ավանը, որը ռուսներն այս տարվա մայիսին են գրավել: Հաղորդում է «Ազատությունը»։

Ռուսական իշխանամետ տելեգրամ-ալիքները հայտնում են, որ Դաշնության զորքն արդեն հեռացել է Լիմանից, սակայն ոչ Ուկրաինայի գլխավոր շտաբը և ոչ էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չեն հաստատել այդ լուրը:

Ուկրաինայի բանակի «Արևելք» խմբավորման հրամանատարության ներկայացուցիչ Սերգեյ Չրևատին այսօր ասել է, թե Լիմանում գտնվել է մոտ 5 և կես հազար ռուսաստանցի զինծառայող: Ուկրաինացիները ռուսներին առաջարկել են միջանցք տրամադրել նրանց դուրս հանելու համար, սակայն ռուսները մերժել են առաջարկը:

Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտարարել է, որ հիմա այդ զինծառայողները «կա՛մ պետք է փորձեն ճեղքել ուկրաինացիների դիրքերը և հեռանալ, կա՛մ զոհվեն, կա՛մ հանձնվեն»:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին խոսել է Լիմանի ուղղությամբ ուկրաինական բանակի գրանցած հաջողությունների մասին:

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան կենտրոնի փորձագետների համոզմամբ, ուկրաինացիները 72 ժամում լիակատար հսկողության տակ կվերցնեն Լիմանը:

Ուկրաինայի գլխավոր շտաբը սեպտեմբերի 29-ին հաղորդել է, որ ռուսները Լիմանի շրջան են փոխադրում «վատ պատրաստված մոբիլիզացված զինծառայողներ»:

Ռուսական աղբյուրները նույնպես հաղորդել են Լիման նոր ուժեր փոխադրելու մասին, սակայն չեն նշել, թե արդյոք դրանք զորակոչով ծառայության կանչված զինվորներ են:

Անկախ աղբյուրները չեն կարող հաստատել ռուսական կամ ուկրաինական կողմերի հայտնած տեղեկությունների արժանահավատությունը:

Անեքսիայի որոշումից հետո Դոնեցկի շրջանը՝ ներառյալ Լիմանը, Մոսկվան համարում է Ռուսաստանի Դաշնության տարածք:

Նմանատիպ նյութեր