211652_close_icon
views-count2294 դիտում article-date 22:58 25-09-2022

ԱՄՆ-ն խստորեն կպատասխանի ՌԴ-ի կողմից հնարավոր միջուկային զենքի կիրառմանը. Սալիվան

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կիրակի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «խստորեն կպատասխանի», եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձի միջուկային զենք կիրառել:

«Մենք Կրեմլին ուղղակիորեն, մասնավոր եւ շատ բարձր մակարդակով ասել ենք, որ միջուկային զենքի ցանկացած օգտագործում աղետալի կլինի Ռուսաստանի համար եւ նշել, որ ԱՄՆ-ն ու մեր դաշնակիցները վճռականորեն կպատասխանեն: Եվ մենք հստակ ենք եղել, թե դա ինչ է ենթադրում»,- ասել է Սալիվանը CBS-ի «Առերեսում ազգի հետ» ծրագրի հաղորդավար Մարգարեթ Բրենանին:

«Մենք հրապարակայնորեն եւ հիմնովին հստակեցրել ենք, որ Միացյալ Նահանգները խստորեն կպատասխանի, եթե Ռուսաստանը միջուկային զենք կիրառի, եւ որ մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային՝ երկրի պաշտպանության եւ ժողովրդավարության պաշտպանության  ջանքերում», - ասել է նա:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը պարզաբանել է, որ «միջուկային զենքի հնարավոր կիրառումը մեծագույն լրջության հարց է, որին մենք պետք է լուրջ վերաբերվենք»։

Նա նաեւ մեկնաբանել է ռուսական ռազմական ներկայությունը Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանում, որն իր տեսակի մեջ ամենամեծն է Եվրոպայում:

«Փաստորեն, այն դեռեւս շահագործվում է ուկրաինացի օպերատորների կողմից, որոնք գտնվում են ռուսական օկուպացիոն ուժերի հրացանի տակ։ Իսկ ռուսներն անընդհատ ակնարկում են, որ այս կայարանում կարող է ինչ-որ վթար լինել»,- ասել է Սալիվանը։

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերջերս առաքելություն է ուղարկել Զապորոժիե՝ գնահատելու ատոմակայանի իրավիճակը եւ զեկույց է հրապարակել, որտեղ լուրջ մտահոգություն է հայտնել ատոմակայանի շուրջ կայունության բացակայության կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր