211652_close_icon
views-count2094 դիտում article-date 23:53 24-09-2022

Նյու Յորքում նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները։

Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունների անհրաժեշտությունը և նոր ագրեսիաները կանխելու նպատակով գործուն քայլերի իրականացումը։ Այս համատեքստում նա կարևորել է հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ հանդիպումների ընթացքում Հնդկաստանի բարձրաձայնած դիրքորոշումը։

Քննարկվել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։

Արարատ Միրզոյանն ու Սուբրամանյամ Ջայշանկարն անդրադարձ են կատարել հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել միջազգային հարթակներում Հայաստանին վերաբերող հարցերում հնդկական կողմի արտահայտած դիրքորոշումները։

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի հրավերով մասնակցել է Հնդկաստանի անկախության 75-ամյակին, Հնդկաստան-ՄԱԿ համագործակցությանը նվիրված միջոցառմանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր