211652_close_icon
views-count7936 դիտում article-date 10:17 24-09-2022

Ռուսաստանում գիշերը հրկիզվել են ևս 4 զինկոմիսարիատ և վարչական շենքեր․ «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանի մարզերում հրկիզվել են զինկոմիսարիատների և վարչական առնվազն 4 շենքեր: Պուտինի հրամանով սկսված ռազմական մոբիլիզացիայի սկզբից ի վեր 2 օրվա ընթացքում իրականացվել է առնվազն 9 նման հրկիզում։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ամուրի մարզի Սվոբոդնի քաղաքում անհայտ մի անձ մոլոտովյան կոկտեյլ է նետել զինկոմիսարիատի շենքի ուղղությամբ։ Շիշն ընկել է ասֆալտին և բռնկվել. հրդեհը վնասել է շենքի ճակատը. Վաղ առավոտյան Խաբարովսկում անհայտ մեկ այլ անձ զինկոմիսարիատի պատուհանների ճաղերի արանքում տեղադրել է երկու մոլոտովյան կոկտեյլ և այրել դրանք։ Արդյունքում պայթել են պատուհանները, կրակը մարել են զինկոմիսարիատների աշխատակիցները։ Տեղում հայտնաբերվել է երկու շիշ և լուցկի։

Գիշերը Վոլգոգրադի մարզի Կամիշին քաղաքում անհայտ անձինք «հրկիզվող առարկա» են նետել շրջանի վարչակազմի շենքի վրա։ Տեղի ԱԻՆ-ից հայտնում են, որ շենքը փոքր վնաս է կրել։

Sota հրատարակությունը պնդում է նաեւ, որ Ալթայի երկրամասի Ցելիննոյ գյուղում հրդեհվել է մշակույթի տունը, որտեղ գտնվում են գյուղական խորհրդի վարչակազմը եւ Ռուսական փոստի մասնաճյուղը։ Ամբողջությամբ այրվել է փոստային բաժանմունքը, հրդեհից վնասվել է վարչական շենքի առաստաղը։

Երեկ անհայտ անձինք հրկիզել են Տոլյատիի քաղաքային վարչակազմի շենքը և Սանկտ Պետերբուրգում, Նիժնի Նովգորոդի և Օրենբուրգի մարզերում, ինչպես նաև Անդրբայկալյան երկրամասում զինկոմիսարիատները։

Սեպտեմբերի 21-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է երկրում Ուկրաինայի պատերազմի համար բնակչության մոբիլիզացման մասին և համապատասխան հրամանագիր ստորագրել։ Նախագահն այն անվանել է մասնակի: Սկզբում նախատեսվում է զորակոչել 300.000 պահեստազորայինների:

Ուկրաինայի դեմ ռուսական ներխուժումից հետո ամբողջ Ռուսաստանում հրկիզվում են զինկոմիսարիատները։ Ընդհանուր առմամբ հայտնի է առնվազն 29 նման դեպք։ Այրվում են նաև ոստիկանության բաժիններ և քաղաքապետարանի շենքեր։

Նմանատիպ նյութեր