211652_close_icon
views-count1666 դիտում article-date 09:29 24-09-2022

Քաղաքապետարանի հերթական անպատասխանատվության հետևանքով երեխաները բախտի քմահաճույքին են մնացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ թիվ 81 մանկապարտեզի նորոգման աշխատանքներն արդեն մեկ տարի է, ինչ ընթանում են: Իսկ մանկապարտեզի համար հերթագրված երեխաները մնացել են բախտի քմահաճույքին:

Չնայած այն հանգամանքին, որ հերթագրված սաների ծնողներին խոստացել էին, որ այն բացվելու է սեպտեմբերին: Բայց այն սեպտեմբերին չի բացվել, որից հետո ծնողներին ասել են, որ մանկապարտեզը շահագործման կհանձնվի նոյեմբերին: Հետո դարձյալ ժամկետներ են փոփոխվել եւ ծնողներին լուրեր են հասել այն մասին, որ մանկապարտեզը կբացվի հաջորդ տարի՝ գարնանը: «Ասեցին սեպտեմբեր, հետո փոխեցին նոյեմբեր, ստիպված երեխային տարել ենք մասնավոր մանկապարտեզ. ամսական վճարում ենք 70-80 հազար դրամ գումար, որ գոնե մեր աշխատանքը կարողանանք պահենք: Հակառակ դեպքում պետք է գործազուրկ դառնանք ու տանը նստենք»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրդովված նկատեց ծնողներից մեկը:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երեւանի քաղաքապետարան եւ խնդրեց տեղեկացնել, թե ինչն է մանկապարտեզի բացման ձգձգման պատճառը: Մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանից փոխանցեցին, որ մինչ այս որոշ ժամանակով շինաշխատանքները դադարեցվել են, քանի որ մանկապարտեզի կառուցման մի մասը ՄԱԿ-ի ծրագրով է ֆինանսավորվում եւ դրա հետ կյապված խնդիրներ են առաջացել, հետո լուծվել են:

Ապա՝ նշեցին, որ մանկապարտեզի բացումը մեծ հավանականությամբ մինչեւ գարուն չի հասնի, այլ առաջիկա ամիսներին կավարտվեն շինաշխատանքները: Բայց հակառակ պատկերն արձանագրեցինք հենց մանկապարտեզի բակում, երբ այցելեցինք այնտեղ: Շինաշխատանքները ղեկավարող Գեւորգ Խոստիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ մանկապարտեզը, հնարավոր է, բացվի հաջորդ տարվա գարնանը. «ըստ ժամանակացույցի՝ նոյեմբերի վերջին ավարտվում է շինարարությունը, բայց ժամանակացույցը կերկարեցնենք, որովհետեւ ունենք դրսի կոյուղու խնդիր, բացի այդ, նախագծով շենքի արտաքին տեսքի հետ կապված փոփոխություններ պետք է արվեն»:

Փաստորեն, Երեւանում հնարավոր է մի քանի ամսում բարձրահարկ շինություններ կանգնեցնել, իսկ երկհարկանի մանկապարտեզի շինարարությունն արդեն մեկ տարի է, ինչ չի ավարտվում: Իսկ ամենամտահոգիչն այն է, որ քաղաքապետարանն է անտեղյակ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր