Ակնկալում ենք, որ մեր բելգիացի գործընկերները կշարունակեն ջանքերը հայ ռազմագերիներին վերադարձնելու համար. Ալեն Սիմոնյան

Ակնկալում ենք, որ մեր բելգիացի գործընկերները կշարունակեն ջանքերը հայ ռազմագերիներին վերադարձնելու համար. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը:



ԱԺ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահը խնդրել է պատվիրակության ղեկավարին ջերմ ողջույններ փոխանցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Տիլյոյին եւ Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզին: Նա ընդգծել է, որ մեր երկիրը կարեւորում է Բելգիայի հետ բարձր մակարդակի շփումները:



Այս համատեքստում առանցքային է համարվել բարեկամական խմբերի ձեւաչափերով համագործակցությունը: ՀՀ ԱԺ նախագահը համագործակցության լավագույն օրինակ է համարել Դեմեսմեկերի կողմից այս տարվա հուլիսի 2-6-ը Բիրմինգհեմում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին հայկական կողմի ներկայացրած բանաձեւի նախագծում առաջարկած լրացումներին միանալը:



Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի անվտանգությանը եւ Արցախի հայ բնակչության իրավունքների երաշխավորմանն առնչվող հարցեր: «Մենք ակնկալում ենք, որ մեր բելգիացի գործընկերները կշարունակեն ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման ուղղությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:



Նա վստահություն է հայտնել, որ ինչպես 2020 թ. պատերազմի դեպքում, այնպես էլ հիմա, բելգիացի գործընկերները ձայն կբարձրացնեն՝ դատապարտելու Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք