«Ժողովրդավարությունը» Եռաբլուրում․ խնդիրը տղայական ինքնահաստատման ձգտումն է․ «Առավոտ»

«Ժողովրդավարությունը» Եռաբլուրում․ խնդիրը տղայական ինքնահաստատման ձգտումն է․ «Առավոտ» «Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այս տարի սեպտեմբերի 21-ին շքեղ կամ նույնիսկ տոնական համերգ անցկացնելը պատեհ չէր լինի: Հատկապես՝ վերջին երկու տարում պարծենալու կամ տոնելու առիթ բացարձակապես չունենք: Այդ առումով՝ կառավարությունը ճիշտ էր վարվել՝ որեւէ միջոցառում չկազմակերպելով: Կարելի էր սահմանափակվել վարչապետի ուղերձով: Ճիշտ է, եթե ես գրեի այդ տեքստը, ապա ինչ-որ ձեւով անպայման կհիշատակեի նաեւ Արցախը, որը, հիշեցնեմ, ընդամենը երկու տարի առաջ «Հայաստան էր եւ վերջ»: Բայց այսօր, ինչպես նշել էի նախորդ սյունակում, դա Հայաստանի իշխանությունների առաջնահերթությունների մեջ չի մտնում:

Եռաբլուր գնալը անկախության տոնի պարտադիր միջոցառումների շարքում չէ: Ինչո՞ւ էր այնուամենայնիվ, վարչապետը որոշել գնալ՝ իմանալով, որ այնտեղ կարող է հանդիպել որդեկորույս մայրերին: Ինձ թվում է հոգեբանական բացատրությունը միանգամայն պարզ է՝ խնդիրը տղայական ինքնահաստատման ձգտումն է՝ ապացուցել, որ ուժ ունի, կարող է իշխել, ջարդել, ցավ պատճառել: Հենց դրանով է, կարծում եմ, բացատրվում, կարմիր բերետավորների վայրագ բռնությունը որդեկորույս ծնողների հանդեպ: Չնայած՝ նույնիսկ Փաշինյանի գնալու պարագայում կարելի էր խուսափել բռնություններից, եթե ցանկություն լիներ: Բայց այդ դեպքում ուժի ցուցադրությունը կատարյալ չէր ստացվի:

Հետաքրքիր են իշխանության կողմնակիցների՝ ոստիկանության բիրտ գործողություններն արդարացնելու փաստարկները: Հիշեցնեմ, որ այդ քարոզիչները ներկայանում են որպես արեւմտյան արժեքների, ժողովրդավարության, խոսքի եւ հավաքների ազատության կողմնակիցներ: Եվ ահա, ըստ նրանց,  որդեկորույս ծնողներին պետք էր ծեծել, որովհետեւ նրանք «քոչարյանականներ» էին: Նախ՝ այդ պնդումը կասկածելի է:

Եթե վարչապետը փաստացի ասել է, որ պատերազմից չի խուսափել այն պատճառով, որ չէր ցանկանում իր հասցեին լսել դավաճանության մեղադրանքներ, իսկ մեկ այլ առիթով կրկնել է նույն միտքը, ասելով, որ չպատերազմելու դեպքում կունենայինք նույն արդյունքը, բայց՝ առանց զոհերի, ապա դա, կարծում եմ, բավարար հիմք է ծնողների համապատասխան զգացմունքների համար՝ նրա հանդեպ: Բայց, ենթադրենք, Եռաբլուրում հավաքված բոլոր ցուցարարները Քոչարյանի կողմնակիցներ էին: Արդյոք դա արդարացնո՞ւմ է մարդկանց վրա դաժան հարձակումը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք