Կրտսեր սերժանտ Արմանը վիրավոր վիճակում վերջին պահին խոցել է թշնամու թիրախն ու զոհվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կրտսեր սերժանտ Արմանը վիրավոր վիճակում վերջին պահին խոցել է թշնամու թիրախն ու զոհվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 12-ի լույս 13 գիշերն ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է 19-ամյա կրտսեր սերժանտ Արման Ծատուրյանը։



Արմանը սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման բաժնում, ուսանողական խորհրդի անդամ էր։ Վեց ամիս սովորելուց հետո Արմանը 2022 թվականի հունվարին զորակոչվել էր բանակ։ Ծառայում էր Սիսիանում։



Արման Ծատուրյանը զոհվել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարի ուղղությամբ մղվող մարտերում։



«Արմանը հրետանավոր էր, մարտկոցի հրամանատար, ու երբ մյուս հրանոթները կորցրել էին, հիմնական ծանրաբեռնվածությունը մնացել էր Արմանի վրա։ Արմանը մարտական բոլոր առաջադրանքները կատարել էր գերազանց, հարվածել էր բոլոր թիրախներին։ Ինքը ամեն համազարկից հետո տղաներին մտցրել է թաքստոցները։ Հետո արդեն թշնամին նշանառության տակ է առել Արմանին ու վիրավորել ԱԹՍ-ով։ Արմանը վիրավոր վիճակում վերջին պահին խոցել է թշնամու թիրախն ու զոհվել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արման Ծատուրյանի հորեղբայրը՝ ազատամարտիկ Արարատ Ծատուրյանը։



Արման Ծատուրյանը հուղարկավորվել է սեպտեմբերի 18-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։



Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 20-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:



Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք