211652_close_icon
views-count538 դիտում article-date 17:30 09-09-2022

Հայաստանում Իրանի դեսպանը ներկա է գտնվել Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի միջոցառմանը

Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտում տեղի է ունեցել «Աբուրեյխան Բիրունիի գիտական ժառանգությունը» թեմայով սեմինարը, որին մասնակցել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

«Ուրախ եմ այսօր լինել այստեղ ձեզ հետ։ Շնորհակալ եմ ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանին, ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և բոլոր պատասխանատուներին այս միջոցառումըկազմակերպելու համար։

Անսահման ուրախ եմ այստեղ գտնվել նոր ուսումնական տարվա առաջին օրերին և մաղթում եմ ձեզ, բոլոր դասախոսներին և ուսանողներին հաջող ուսումնական տարի»,- իր ողջույնի խոսքում նշել է Աբբաս Զոհուրին։

Դեսպանի դիտարկմամբ՝ գիտելիքները մեզ հնարավորություն են ընձեռում կանխել պատմության և իրականության աղավաղումը։ Այդ պատճառով Աբուրեյխան Բիրունիի գիտական ժառանգության հետ ծանոթությունը չափազանց արդիական է և իրանական կողմը շնորհակալ է Հայ-Ռուսական համալսարանին միջնադարի մեծանուն գիտնական-էնցիկլոպեդիստի պատվին կազմակերպված միջոցառման համար։«Աբուրեյխան Բիրունին հայտնի է որպես գիտական տարբեր ուղղությունների գիտակ, իսկական էնցիկլոպեդիստ, տիրապետում էր բազմաթիվ լեզուներին և ծանոթ էր տարբեր մշակույթներին»,- հավելել է նա։

Իր հերթին՝ Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանն ասել է հետևյալը․«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել ձեզ մեր համալսարանում հարգարժան դեսպան։ Մենք անչափ շնորհակալ ենք ձեզ նաև այն մեծաքանակ ուսումնական և պրոֆեսիոնալ գրականության համար, որը դուք նվիրեցիք մեր ինստիտուտին։ Պետք է նշեմ, որ մենք աշխատում ենք արևելագիտության և իրանագիտության այնպիսի ուղղություններով, որոնց պատշաճ ուշադրություն չի դարձվում աշխարհում ոչ մի տեղ»։ 

«Աբուրեյխան Բիրունիի գիտական ժառանգությունը» թեմայով սեմինարը կազմակերպել են ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնը։
 
ՀՌՀ մամուլի ծառայություն
 
 
 

Նմանատիպ նյութեր