211652_close_icon
views-count1297 դիտում article-date 18:22 02-09-2022

ՀՀ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը մարտական կազմով կմեկնի Բելգրադ՝ աշխարհի առաջնությանը

ՀՀ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը մարտական կազմով սեպտեմբերի 8-ին  կմեկնի  Բելգրադ ՝ աշխարհի առաջնություն:

Սեպտեմբերի 10 –ին  Սերբիայի մրցագորգերի  վրա  մրցանակների համար պայքարին կմասնակցեն  նաև մեր երկրի պատվիրակները:

Հավաքականի գլխավոր մարզիչ  Արմեն Բաբալարյանը  գոհունակություն հայտնեց ըմբիշների պատրաստակամության առումով:  Նշանակում է, որ մրցագորգի ներկայիս  հայ վարպետները հաճույքով են մարզվում, չեն տրտնջում քրտնաթոր աշխատանքից  և   նպատակ ունեն հաջող գոտեմարտերով շարունակել  մեզանում եղած մարզաձևի հարուստ ավանդույթները:

Իհարկե, մի քանի տղաներ վնասվածքներ ունեն, բայց դրանից նրանք չեն ընկճվում,մանավանդ որ, պարապմունքներին զուգահեռ  շարունակվում են  բուժական- վերականգնողական աշխատանքները:  Հուսադրող  է և այն , որ ազգային թիմի  նորանշանակ գլխավոր մարզիչը  քաջատեղյակ է հիմնական և պահեստային կազմերի  բոլոր ըմբիշների ընդհանուր  պատրաստականությանը, բնավորության գծերին, անհատական որակներին,  քանզի նրանք բոլորը, իրենց անձնական մարզիչներից բացի, վարպետության դասեր են ստացել երկրի երիտասարդական հավաքականի  ՝ այժմ  արդեն  նախկին ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանից:

Մարզաձևի  ՀՀ  գլխավոր թիմը  Բելգրադ կմեկնի հետևյալ կազմով.  Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Կարապետ Չալյան (82 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ) և  Դավիթ Օվասափյան (130 կգ):

Նմանատիպ նյութեր