211652_close_icon
views-count658 դիտում article-date 11:07 29-08-2022

Սեպտեմբերի 3-ից հոկտեմբերի 8-ը Երևանում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը

Սեպտեմբերի 3-ից հոկտեմբերի 8-ը Երևանում տեղի կունենա «Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC) կրկին միավորել են ուժերը՝ դասական երաժշտության սիրահարներին ներկայացնելու մեծանուն երաժիշտների կատարողական արվեստն ու հագեցած երկացանկ։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Փառատոնն ընդգրկում է սիմֆոնիկ 7 համերգային երեկո։ Առաջին համերգը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, որով էլ կտրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանի մեկնարկը։ Երեկոյի ընթացքում ելույթ կունենա աշխարհահռչակ թավջութակահար Գոթյե Կապյուսոնը։

«Արմենիան» կհյուրընկալի երաժիշտների մի մեծ աստղաբույլ՝ ջութակահարներ Ջուզեպպե Ջիբբոնի, Սերգեյ Կռիլով, ֆլեյտահար Ջասմին Չոյ, դաշնակահար Ֆեդերիկո Կոլլի, թավջութակահար Միշա Մայսկի։ Հայ երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու նաև աշխարհի լավագույն բեմերը նվաճած ջութակահար Գիլ Շահամին և տենոր Յոզեֆ Կալեյային։ Համերգները կղեկավարեն «Արմենիա» փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, Դանիել Ռայսկինը, Ֆիննեգան Դաունի Դիըրը, Հանսյորգ Շելլենբերգերը։
Երաժշտական այս տոնի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կներկայացվեն Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Պյոտր Չայկովսկու, Ալեքսանդր Բորոդինի, Կամիլ Սեն-Սանսի, Նիկոլո Պագանինիի, Կլոդ Դեբյուսիի, Ջուզեպպե Վերդիի, Ալեքսեյ Շորի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Փառատոնային երկացանկում տեղ կգտնեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հավատարիմ իր առաքելությանը, փառատոների միջոցով հնարավորություն է տալիս ունկնդրին վայելելու աշխարհում մեծ համբավ ունեցող արտիստների կատարումները։

Փառատոնն իր տանիքի ներքո համախմբում է ժամանակի լավագույն երաժիշտներին, որոնցից շատերը Հայաստանում հանդես են գալու առաջին անգամ։ Փառատոնը միտված է նաև խթանելու զբոսաշրջության զարգացումը Հայաստանում՝ հաշվի առնելով, որ առաջարկվող փառատոնային համերգները հնարավորություն են ընձեռում արտերկրից ներգրավել զբոսաշրջիկների, որոնք հետաքրքրված են մեկ վայրում ունկնդրելու աշխարհահռչակ արտիստներին։

Փառատոնի շրջանակներում հրավիրված արտիստների կողմից տեղի կունենան նաև մասնագիտական վարպետության դասեր երիտասարդ երաժիշտների համար։

Նմանատիպ նյութեր