211652_close_icon
views-count1414 դիտում article-date 19:25 25-08-2022

ԿԳՄՍ-ում մեծարել են մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

«Գիտեմ, թե որքան ջանք ու եռանդ եք գործադրել այս հաղթանակների համար՝ ձեր կյանքի մեծ մասը նվիրելով սպորտին: Վստա՛հ եղեք՝ պետությունն իր հնարավորությունների սահմանում և ավելին, պատրաստ է ծառայել այն գործին, որը կնպաստի ձեր հետագա հաղթանակների ավելացմանը»: Այս մասին այսօր ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ընդունելով Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներին:

Նախարարը շնորհավորել է նրանց Մյունխենում անցկացված Եվրոպայի առաջնություն գրանցած արդյունքների համար և խրախուսել շնորհակալագրերով:

«Շնորհավորում եմ ձեզ: Շատ ուրախ և հպարտ եմ ձեր նվաճումների առթիվ: Դրանք շատ ոգևորիչ են, հատկապես հիմա, երբ մենք որդեգրել ենք այսուհետ հաղթանակների ուղիով շարժվելու ծրագիր: Սպորտն այն ասպարեզն է, որտեղ այդ հաղթանակներն առավել հանրային են, ոգևորիչ և տպավորիչ: Փառք ու պատիվ ձեզ: Շնորհակալ եմ: Գիտեմ, թե որքան ջանք ու եռանդ եք գործադրել այս հաղթանակների համար՝ ձեր կյանքի մեծ մասը նվիրելով սպորտին: Վստա՛հ եղեք՝ պետությունն իր հնարավորությունների սահմանում և ավելին, պատրաստ է ծառայել այն գործին, որը կնպաստի ձեր հետագա հաղթանակների ավելացմանը»,- ասել է Վահրամ Դումանյանը:

Հանդիպմանը ներկա են եղել ԵԱ-ի մեդալակիրներ Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը և այլք:

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ Հայաստանի մարմնամարզության հավաքականն արդեն իր ուրույն տեղն է գրավել համաշխարհային սպորտում. «Վերջապես ձևավորվել է հավաքական, որը մեր շատ ավանդույթներ ունեցող մարզաձևում իր ուրույն տեղն է գրավել համաշխարհային սպորտում և արդեն թիմով ենք մասնակցում այն մրցումներին, որոնց ժամանակին երազում էինք գոնե մեկ մասնակից ունենալ»:

Հիշեցնենք՝ Հայաստանի մեծահասակների հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Կարիերայում երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 38-ամյա Հարություն Մերդինյանը՝ հավասարը չունենալով նժույգ թափեր վարժությունում։ ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսն էլ նվաճել է Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզեմեդալակիր Արթուր Դավթյանը՝ հենացատկից:

Երիտասարդ մարմնամարզիկներն էլ Արտակ Այդինյանի գլխավորությամբ 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Էրիկ Բաղդասարյանը՝ ոսկե մեդալ նվաճելով զուգափայտից, իսկ Համլետ Մանուկյանը հռչակվել է Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն: Մանուկյանը երկու արծաթե մեդալ է նվաճել նժույգ թափեր և օղակներ վարժություններից։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր