«Սիմֆոնիկ Երևան»-ի դասական երաժշտության համերգը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ

«Սիմֆոնիկ Երևան»-ի դասական երաժշտության համերգը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ Օգոստոսի 15-ին «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի դասական երաժշտության համերգը սկսվեց մեկ րոպե լռությամբ: Երաժիշտներն ու Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա հանդիսատեսը հոտնկայս հարգեցին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խոր ցավով վշտակցում է պայթյունից զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Միմյանց սատար կանգնելով պետք է փորձենք հաղթահարել այս աղետալի փորձությունը։

Երեկոյի ընթացքում դիրիժոր Դանիել Ռայսկինի ղեկավարությամբ հնչել են Ղազարոս Սարյանի, Տիգրան Մանսուրյանի և փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել իտալացի ջութակահար Ջովանի Անդրեա Զանոնը՝ կատարելով Շորի Ջութակի կոնցերտը։ Իր կարիերայի ընթացքում Ջովանի Անդրեա Զանոնը հանդես է եկել այնպիսի հեղինակավոր դահլիճներում, ինչպիսիք են Նյու Յորքի «Կարնեգի հոլը», Վիեննայի «Մուզիքֆեղայնը», Պրահայի «Smetana»-ն, Մուսկատի Թագավորական օպերան, Բարսելոնայի «Gran Teatro»-ն, Միլանի «Լա Սկալան», Վենետիկի «Teatro La Fenice»-ն և այլն։ Ջութակահարն առաջին անգամ էր Հայաստանում։ Ջովանի Անդրեա Զանոնը խոստովանում է, որ համագործակցությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ շատ հաճելի է, և հույս է հայտնում, որ այդ գեղեցիկ համագործակցությունը դրական ազդակներով փոխանցվում է ունկնդրին։

Խոսելով Ալեքսեյ Շորի Ջութակի կոնցերտի մասին՝ երաժիշտը նկատում է, որ ինքը ցանկանում է ավելի լավ ծանոթանալ մերօրյա կոմպոզիտորների ժամանակակից ստեղծագործություններին. «Ես ինքս կոմպոզիցիա եմ ուսանել՝ հարստացնելու իմ տեսլականը ժամանակակից երաժշտարվեստում։ Այնպես որ՝ ես միշտ պատրաստ եմ կատարել ժամանակակից հեղինակների գործեր։ Ինձ համար հաճելի էր սովորել և ներկայացնել Շորի կոնցերտը, կատարել այն Հայաստանում՝ հրաշալի նվագախմբի հետ»։

Հիշեցնենք, որ «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է օգոստոսի 12-ից 25-ը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) կազմակերպմամբ։ Փառատոնի անցկացմանն աջակցում է Երևանի քաղաքապետարանը։
 
 
 

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք