211652_close_icon
views-count4321 դիտում article-date 12:49 15-08-2022

Մենք չենք կարողանում միանգամից գործողություններ անել, որովհետև փլատակների տակ մարդիկ կան. ԱԻ նախարար

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը վստահեցնում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացվող հրդահաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մարդկային ռեսուրսի և տեխնիկայի պակաս չեն ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն ընդգծեց, որ որոնողափրկարարական աշխատանքները ինտենսիվ կերպով շարունակվում են, մոտ մեկ ժամից տեխնիկայի համալրում կլինի: «Մենք չենք կարողանում միանգամից գործողություններ անել, որովհետև փլատակների տակ մարդիկ կան, մեծ հույս ունենք, որ նրանք ողջ են»,- ասաց Փամբուխչյանը:

Նա նշեց, որ վերջին տվյալներով պայթյունի հետևանքով զոհերի թիվը 6 է, անհետ կորածների թիվը 15: Եվս 10 մարդ փրկվել է փլատակների տակից կամ հարակից տարածքներից: 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ստեղծվել է առևտրի կենտրոնի տարածքում աշխատանքները համակարգող շտաբ՝ Փամբուխչյանն ընդգծել է, որ գործադիրի միջոցով նման շտաբ չի ստեղծվել, սակայն հավելել է, որ փրկարարական շտաբ պարտադիր ստեղծվում է հրդեհների կամ արտակարգ այլ իրավիճակների ժամանակ: «Այս դեպքում շտաբ անմիջապես ստեղծվել է, երբ մենք հասկացել ենք այս միջադեպի բարդության աստիճանը: Փրկարար ծառայության տնօրենը և ես անմիջական մասնակցություն ունենք իրականացող աշխատանքներին: Երեկ մինչև ուշ գիշեր առողջապահության փոխնախարարն այստեղ է եղել, աշխատանքներում ամբողջությամբ ներգրավված է առողջապահության նախարարությունը, առողջապահության փոխնախարարն ամբողջ գիշեր այստեղ է եղել: Այստեղ է եղել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Մեզ տեխնիկաներ են տվել: Յուրաքանչյուր գերատեսչության հետ համագործակցությամբ կարողանում ենք կատարել մեր առջև դրված խնդիրը»,- ասաց նախարարը:

Նա նաև նշեց, որ պայթյունի հետևանքով կիսականգուն մնացած շենքի փլուզման վտանգ կա, այս պահին իրականացվում են շենքի կանգուն մնացած սյուների վնասազերծման աշխատանքներ, քանի որ դրանց վտանգ են ներկայացնում  փրկարարական աշխատանքներին մասնակցող մարդկանց համար: Նախարարը նաև հավելեց, որ փլատակների տակ մնացած մարդիկ կարող են այդ սյուների հատվածում լինել:

Արմեն Փամբուխչյանն ընդգծեց, որ զոհերի և վիրավորների մեջ կան և առևտրի կենտրոնի աշխատակիցներ, և այցելուներ: Նա դժվարացավ հստակ թվեր ներկայացնել, թե քանիսն են այցելուներ, քանիսն աշխատակիցներ, սակայն նկատեց, որ իրականում մեծ մասն այցելուներ են:  

Հարցին, թե ի՞նչն է եղել պայթյունի պատճառը, Փամբուխչյանը պատասխանեց, որ գնահատականը պետք է տան իրավապահ մարմինները: «Մենք չենք կարող գնահատական տալ, մեր ֆունկցիան հրդեհաշիջումն է և որոնողափրկարարական աշխատանքների իրականացնումը, և այդ մասով մենք ամբողջությամբ կրում ենք պատասխանատվություն»,- եզրափակեց ԱԻ նախարարը:

Նմանատիպ նյութեր