211652_close_icon
views-count2103 դիտում article-date 12:36 15-08-2022

«Սուրմալու»-ում փլատակների տակ դեռևս կրակի օջախներ կան. փոխնախարար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը մանրամասներ  է ներկայացրել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյունից հետո տեղի ունեցող աշխատանքների վերաբերյալ: Լրագրողների հետ զրույցում Համբարյանը հայտնել է, որ փլատակների տակ դեռևս կրակի օջախներ կան, ինչի մասին է վկայում ծխի առկայությունը: Նրա խոսքով՝ նման օջախներ կան նաև բարձր հարկերում, որոնք կարող են նորից բռնկվել, եթե չարվեն հովացման աշխատանքներ:

Հարցին, թե որքան կտևեն աշխատանքներն առևտրի կենտրոնի տարածքում, ԱԻ նախարարի տեղակալը նշեց, որ կխուսափի ժամկետ նշել: «Մինչև ամբողջական բոլոր օջախները չհովացվեն, մենք չենք կարող խոսել դրա մասին: Դեռևս բավական ժամանակ կտևի դա:  Մեծ աշխատանք կա տանելու նաև փլատակների մաքրման  և որոնողափրկարարական աշխատանքների ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Նա հայտնեց, որ 158 փրկարար է ներգրավված աշխատանքներում: Օգոստոսի 14-ի երեկոյան և 15-ի գիշերն աշխատանքներին մասնակցել են նաև կամավորներ: Համբարյանն ընդգծեց, որ կամավորները ցուցակագրված են, բազան կա, անհրաժեշտության դեպքում կդիմեն նրանց օգնությանը:

Նախարարի տեղակալ հավաստիացրեց, որ պայթյունին ԱԻՆ-ի արձագանքը եղել է շատ արագ, ռեսուրսների խնդիր չի եղել: «Մասնավորապես, անհրաժեշտություն եղել է վերամբարձ կռունկների, բեռնատարների, տրակտորների, որը Երևանի քաղաքապետարանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և այլ կառույցների մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով շատ արագ լուծվել է, տեխնիկայի խնդիր բացարձակապես չի եղել: Ներգրավվել են նաև Երևանի քաղաքապետարանի ջրատար մեքենաները»,-մանրամասնեց Համբարյանը:

Հարցին, արդյոք պայթյունի պատճառը հրավտանգ նյութերն են, Համբարյանը պատասխանեց. «Միայն մասնագիտական հետաքննությունը կտա դրա պատասխանը, այս պահին զերծ մնանք որևէ գնահատական տալուց: Ընդամենը անզեն աչքով տեսնում ենք, որ հատկապես պայթուցիկները կարող են պայթյունի կամ հարվածային ալիքի պատճառներից մեկը լինել կամ հիմնականը. դրա պատասխանը հետաքննություն կտա: Այսօր առավոտյան դեռ ճայթյուններ լինում են տարբեր հատվածներում, ինչը խոսում է այդ նյութի սփռված լինելու մասին»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հայտնի են բոլոր 6 զոհերի անունները, կա 6 տասնյակից ավելի վիրավոր։  

Նմանատիպ նյութեր