«Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյուն-փլուզման հետևանքով փրկարարները փլատակների տակից դուրս բերեցին ևս մեկ քաղաքացու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյուն-փլուզման հետևանքով փրկարարները փլատակների տակից դուրս բերեցին ևս մեկ քաղաքացու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու հրշեջ-փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ, փլատակների տակից դուրս են բերել քաղաքացու դի:
 
Դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որն էլ այն տեղափոխեց ժողովրդին հայտնի՝ Հերացու փողոցի վրա գտնվող դիահերձարան:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնողական աշխատանքներն այս պահին շարունակվում են, ոստիկանությունն ու պարեկային ծառայությունն էլ ուժեղացված ծառայություն են կատարում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, արդեն մի քանի ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բազմաթիվ հրշեջ-փրկարարներ, ոստիկանության մի քանի բաժինների ծառայողներ, պարեկային ոստիկանության Երևանի գնդի 3-րդ գումարտակի մի քանի վաշտերի պարեկներ, Երևանի քաղաքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ, քաղաքացիների հետ հսկայական աշխատանքներ են իրականացնում այսօր՝ օգոստոսի 14-ին, «Սուրմալու» տոնավաճառում պայթյունի հետևանքով փլուզված շինության կասկածելի վայրերից քաղաքացիներին դուրս բերելու համար:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության մեկ տասնյակից ավելի բժիշկների բրիգադներ, ովքեր մի քանի հոգու, որոնց փլատակների տակից դուրս էին բերում, նախ տեղում առաջին օգնությունն էին ցուցաբերում, ապա տեղափոխում Երևանի տարբեր հիվանդանոցներ:
 
Ելնելով քաղաքացիների անվտանգությունից, ոստիկանների և պարեկների մի քանի խմբեր էլ տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, քանի որ կա վտանգ, որ պայթյուն-հրդեհի հետևանքով կարող է դարձյալ փլուզում տեղի ունենալ:
 
Այս պահին աշխատանքները շարունակվում են, հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ, իսկ ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն էլ քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկներով փլուզված բետոնե պանելները հեռացնում են տարածքից:
 
Բժիշկները՝ հավատարիմ Հիպոկրատի երդմանը, մեծ թվով օգնություն ցուցաբերեցին նաև ծխից ինքնազգացողությունները վատացած մի քանի պարեկների, հրշեջ-փրկարարների ու օգնության ձեռք մեկնած քաղաքացիների:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ





© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք