Պայթյուն «Սուրմալու» տոնավաճառում. տեղի է ունեցել փլուզում, կան վիրավորներ. ժամանել են ԱԺ նախագահը, ՀՀ ոստիկանապետն ու ԱԻՆ նախարարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պայթյուն «Սուրմալու» տոնավաճառում. տեղի է ունեցել փլուզում, կան վիրավորներ. ժամանել են ԱԺ նախագահը, ՀՀ ոստիկանապետն ու ԱԻՆ նախարարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ըստ նախնական տեղեկությունների՝  ուժեղ պայթյունը տեղի է ունեցել «Սուրմալու» տոնավաճառում:

Պայթյունի ծուխն ու կրակը տեսանելի է եղել անգամ մի քանի կիլոմետրից:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին  ժամանել են մեծ թվով պարեկներ, հրշեջներ, շտապօգնության բժիշկներ:

Պայթյունի հետևանքով հսկայական փլուզումներ են տեղի ունեցել:

Ըստ տեղեկությունների՝ մեծ թվով քաղաքացիներ հայտնվել են փլատակների տակ: Վնասվել են մեծ թվով ավտոմեքենաներ, խանութներ:

Օպերատիվորեն  ժամանել են  բժիշկների բազմաթիվ խմբեր:

Հրշեջներին ու փրկարարներին օգնում են քաղաքացիներն ու պարեկները:

ժամանել  է նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

15:00
***

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ոստիկանության քրեական  ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանն ու Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը:

Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ:

Փրկարարները,  քաղաքացիները մի քանի վիրավորների փլատակների տակից դուրս են բերել և բժիշկները  տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ովքեր տեղափոխվեցին Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Մի քանի վիրավորների էլ Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները:

Մի քանի վիրավորների օգնություն ցուցաբերելու  ժամանակ մի քանի պարեկների ինքնազգացողությունը վատացել է և բժիշկները օգնություն են ցուցաբերում նրանց:

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ում հանձնարարականով քաղաքապետարանի ջրատար մեքենաները արդեն մի քանի անգամ ջուր են հասցնում հրշեջներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ





© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք