Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Toyota Jeep-ը, Nissan Tiida-ն և Mercedes-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Toyota Jeep-ը, Nissan Tiida-ն և Mercedes-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ օգոստոսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
 
Ժամը 21:20-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 31 կմ հատվածում, Արտաշատ քաղաքի վարչական տարածքում բախվել են Toyota Jeep, Nissan Tiida և Mercedes C-180 մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները: Այնուհետև վերջիններս հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականները:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
 
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռոստոմյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, ով կին էր՝ գիտակցության չգալով, մահացել է:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
 
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք