211652_close_icon
views-count1436 դիտում article-date 09:35 13-08-2022

Չեռնոգորիայում 10 մարդ դարձել է զանգվածային հրաձգության զոհ․ «Ազատություն»

Չեռնոգորիայում՝ Ցետինե քաղաքում, ուրբաթ օրը 10 մարդ կրակոցների զոհ է դարձել, ևս 6-ը, այդ թվում՝ 1 ոստիկան, վիրավորվել է։ Զոհվածների թվում 2 երեխա կա։ 2 վիրավոր հոսպիտալացվել են հենց Ցետինեում, ոմանք տեղափոխվել են Պոդգորիցա՝ բուժման համար։ Գրում է «Ազատությունը»։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ժամը 16-ից հետո տեղի 34-ամյա բնակիչը կրակ է բացել փողոցում։ Չեռնոգորիայի ոստիկանության պետ Զորան Բրդժանինի խոսքով՝ նախ Վ. Բ-ն գնդակահարել է ընտանիքին, որը բնակվում էր իր տանը որպես վարձակալ։ 

«Նա որսորդական հրացանով սպանել է 8 և 11 տարեկան 2 երեխաներին և վիրավորել նրանց մորը, որը ստացած վերքերից հետագայում մահացել է բուժհաստատությունում: Այնուհետև դուրս է եկել փողոց և կրակել մյուս բնակիչների վրա»,- ասել է Բրջանինը:

Հարձակվողը գնդակահարվել է։ Դեպքի վայր ժամանած հերթապահ դատախազի խոսքով՝ կրակողին սպանել է անցորդը։ Բրդժանինն ընդգծել է, որ դեպքի հանգամանքները, այդ թվում՝ Վ.Բ.-ի սպանությունը, դեռ պարզվում են։

Նշվում է, որ կրակողը որոշ ժամանակ թույլ չի տվել ոստիկանական մեքենաներին և շտապօգնության մեքենաներին հասնել դեպքի վայր։ Նախապես հարձակման զոհերի թվի մեջ ներառված էր նաև Վ.Բ.-ն, ուստի հաղորդվում էր, որ անհայտ անձի ձեռքով մահացել է 11 մարդ։

Ցետինեն գտնվում է Չեռնոգորիայի հարավ-արևմուտքում։ Քաղաքի բնակչությունը մոտավորապես 18 հազար է։ Երկրի վարչապետ Դրիտան Աբազովիչը կատարվածն անվանել է չեռնոգորցիների ամենասարսափելի ողբերգությունը։ «Ես կոչ եմ անում երկրի բոլոր քաղաքացիներին այժմ լինել անմեղ զոհերի ընտանիքների, նրանց հարազատների, ընկերների և Ցետինեում ապրող բոլորի կողքին»,- գրել է Աբազովիչը Telegram-ում։

Չեռնոգորիայում 3-օրյա սուգ է հայտարարվել։

Նմանատիպ նյութեր