Կա միջուկային աղետի վտանգ. ՄԱԿ-ը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողություններն ատոմակայանի շրջանում․ «Ամերիկայի ձայն»

Կա միջուկային աղետի վտանգ. ՄԱԿ-ը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողություններն ատոմակայանի շրջանում․ «Ամերիկայի ձայն» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի Զապորոժժիայի միջուկային կայանի շուրջ, երբ Մոսկվան և Կիևը միմյանց են մեղադրում նոր հրթիռակոծությունների մեջ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ռուսաստանը մարտ ամսին է գրավել Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանը, որի աշխատանքները դեռեւս իրականացնում են ուկրաինացի տեխնիկներն ու ճարտարագետները: Ուկրաինայի «Էներգոատոմ»-ը հայտնել է, որ հինգշաբթի օրը հինգ անգամ հարված է հասցվել տարածքին: Հրթիռ է պայթել նույնիսկ ռադիոակտիվ նյութերի պահեստների մոտակայքում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնում է, որ ուկրաինական ուժերի կողմից իրականացված հրթիռակոծությունը մասամբ վնասել է ջերմակայանը և ջրավազանները, որոնք մաս են կազմում ռեակտորների զովացման համակարգերում:

ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է արել դուրս բերել ռազմական անձնակազմն ու տեխնիկան և այլևս ուժեր կամ տեխնիկա չտեղակայել այնտեղ։ Նա հորդորել է Ռուսաստանին և Ուկրաինային զերծ մնալ նման թիրախների դեմ ռազմական գործողություններից:

«Անհրաժեշտ է հրատապ համաձայնություն կայացնել տեխնիկական մակարդակով ապառազմականացման անվտանգ տարածք հաստատելու վերաբերյալ», - հայտարարել է Գուտերեշը:

Միացյալ Նահանգները պաշտպանել է ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու կոչը: ԱՄՆ-ի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության նախարարի տեղակալ Բոնի Ջենքինսը ՄԱԿ-ում ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն «այլևս չի կարող հետաձգել» այցն այս տարածաշրջան:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին ասել է, որ պատրաստ է գլխավորել կազմակերպության առաքելությունը Զապորոժժիա և կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային համագործակցել, որպեսզի տեսուչները կարողանան հնարավորինս շուտ մեկնել։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզիան ասել է, որ հունիսին Ռուսաստանի և միջազգային այս կազմակերպության միջև համաձայնեցված ուղևորությունը չեղարկվել էր ՄԱԿ-ի կողմից:

«Մենք կարծում ենք, որ արդարացված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից մինչև օգոստոսի վերջը Զապորոժժիայի ատոմակայան այց կատարելու որոշումը», - ասել է Նեբենզիան Անվտանգության խորհրդում:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք