«Ոչ միայն պետք է տները կորցրած մարդկանց տուն տանք, այլև մեծացնենք գյուղը»․ Շուռնուխում 4 ընտանիք բնակարան ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ոչ միայն պետք է տները կորցրած մարդկանց տուն տանք, այլև մեծացնենք գյուղը»․ Շուռնուխում 4 ընտանիք բնակարան ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Սյունիքի մարզի Շուռնուխ վարչական շրջանում այսօր՝ օգոստոսի 12-ին, տեղի ունեցավ վերակառուցված բազմաբնակարան շենքի եւ բանալիների հանձնման արարողություն։ Բնակարաններում հաստատվելու են չորս ընտանիքներ, որոնցից երկուսը կորցրել են իրենց տները 44-օրյա պատերազմի հետեւանքով։ Մյուս երկու ընտանիքներն էլ սյունեցիներ են։



«Գորիսում անօթեւան մարդիկ չպետք է լինեն։ Գորիսում կա 86 ընտանիք, որոնք դեռեւս ապրում են տնակներում։ Իրենց տան խնդիրը եւս լուծվելու է, նախագծման աշխատանքներ են ընթանում։ Խնդիր ունենք՝ մինչեւ մյուս տարի ավարտել այդ շենքի կառուցման աշխատանքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։



Համայնքում բացվեց նաեւ մանկական զարգացման կենտրոն, խաղահրապարակ եւ երիտասարդական կենտրոն։



Առուշանյանի խոսքով՝ Շուռնուխում կառուցվում է եւս 13 բնակարան՝ արդեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ։



«Հպարտորեն ասեմ՝ ոչ մի սահմանամերձ գյուղից որեւէ մեկը չի արտագաղթել։ Շուռնուխում կառուցվող տները մի քանի մետր են հեռու թշնամուց, բայց այստեղ մարդիկ մարտական են։ Պետք է կանգնած մնանք մինչեւ վերջ՝ մինչեւ Արցախի ազատագրում։ Մենք ոչ միայն պետք է իրենց տները կորցրած մարդկանց տուն տանք, այլեւ մեծացնենք գյուղը, նոր բնակիչների բերենք։ Ամեն բան պետք է արվի, որ այստեղի բնակիչների կյանքի որակը չզիջի Երեւանի, Գյումրիի կամ Գորիսի կենտրոնում ապրող մարդկանց կյանքի որակին»,- ընդգծեց Առուշ Առուշանյանը։

Տեսանյութ



© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք