211652_close_icon
views-count1173 դիտում article-date 16:38 09-08-2022

Նիկոլ Փաշինյանը Ալիեւին խոստացել է, որ նա կկարողանա Բերձոր քաղաքի վրա ադրբեջանական դրոշը դնել. Հակոբ Հակոբյան. News.am

Հայաստանը Ստեփանակերտին կապող նոր երթուղու ընտրությունը տեղի է ունեցել Նիկոլ  Փաշինյանի եւ Ալիեւի բանավոր պայմանավորվածության հիման վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։ 

«Նիկոլ Փաշինյանը երեւի Ալիեւին խոստացել է, որ Բերձոր քաղաքը կհանձնվի իրեն, եւ ինքը կկարողանա Բերձոր քաղաքի վրա ադրբեջանական դրոշը դնել: Որովհետեւ եթե այդ երթուղին կառուցվեր Լաչինի միջանցքում, ապա որեւիցե պարագայում Բերձորը միջանցքից դուրս չէր մնա,  եւ այնտեղ ադրբեջանական զինված ուժեր չէին կարող լինել: Իսկ այսօր մենք լսում ենք, որ օգոստոսի 25-ին ադրբեջանցիները գալու են Բերձոր, Աղավնո եւ Սուս համայնքներ:

Եվ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը երեւի միակ պայմանավորվածությունները չէին,  հակառակ դեպքում մենք պահանջում ենք եւ՛ Արցախի, եւ՛ Հայաստանի իշխանություններից ցույց տալ այն գրավոր համաձայնություննը, որով երթուղին պետք է այն ուղղությամբ ընթանա, որով հիմա պատրաստված է ճանապարհը, եւ ամենագլխավորը, որ փոխվել է միջանցքի կորդինատները: Ենթադրենք, ինչպես իրենք են բացատրում, որ ֆիզիկապես հնարավոր չէր Լաչինի միջանցքում նոր երթուղի կառուցել, դրա համար է ընտրվել այս երթուղին: Այդ դեպքում, ըստ մեզ,  պետք է լինի եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան նոր հայտարարություն կամ փաստաթուղթ, որ միջանցքային տրամաբանությամբ այս տարածքը փոփոխվում է: Քանզի այդ տարածքից օգտվելու են մեր բնակիչները, որը պետք է Հայաստանի հետ կապ ունենա, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարության հիմնական կետերից մեկն այն է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ցամաքային անխափան կապ ունենա Հայաստանի Հանրապետության հետ»,– նշեց Հակոբ Հակոբյանը։

«Արդարություն» կուսակցությունը դեռ ամիսներ առաջ էր հայտարարել, որ Ադրբեջանը ճանապարհը չի կառուցում նախատեսված վայրում։ Ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ ստորագրված հայտարարության,  «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային եւ բեռնատար միջոցների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում հստակ գրված է, որ այդ նոր երթուղին պետք է լինի Լաչինի միջանցքում: Մեր կուսակցությունը այս տարվա փետրվար ամսից ամեն անգամ բարձրաձայնել է, որ այն ճանապարհը, որի մասին խոսվում է, իսկ հետագայում սկսվեց նաեւ կառուցումը, կարծես հակասում է հայտարարության վեցերորդ կետին, որտեղ նշված է նոր ճանապարհի մասին, որովհետեւ միջանցքը իր իրավական կարգավիճակով տարբերվում է այն ճանապարհից, որը կարող է գտնվել այդ միջանցքում: Մենք այդ հարցը բարձրաձայնում էինք, որ ճանապարհը ճիշտ տեղով չի կառուցվում: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որեւէ խոսք չկա համայնքների մասին, արդյոք նրանք հայերով պետք է բնակեցված լինե՞ն, թե՝ ոչ։ Մենք լավ հասկանում ենք, որ երբ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ թշնամուն հանձնվեց Քաշաթաղի, Քարվաճառի, Ակնայի  շրջանները, իսկ Աղավնո, Սուս եւ Բերձոր բնակավայրերի բնակիչները շարունակեցին ապրել այնտեղ, դա ոչ միայն նրա համար էր, որ հայրենասեր էին նրանք, այլեւ նրա համար, որ այդ բնակավայրերը գտնվում էին Լաչինի միջանցքի 5 կմ սահմաններում: Եվ, բնականաբար, երբ երթուղու հարցը փոխվում է, փոխվում է նաեւ միջանցքում հայտնված բնակավայրերի գոյության հետագա հարցերը:

Փաստորեն ստացվում է, որ երթուղին, որն անցնում է նոր կառուցված ճանապարհով, դուրս է Լաչինի միջանցքից: Եվ Բերձորն եւ Աղավնոն դուրս են մնում այդ  5 կմ–ից։ Հայերի այդ բնակավայրերից  դուրս գալու խնդիրը այստեղից է առաջացել»,– ասաց Հակոբ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում Արցախի իշխանությունները պատճառաբանում են, թե պարտադրված են երթուղու փոփոխությունների գնում, ինչը հանգեցնում է նաեւ այդ բնակավայրերից հեռանալուն։

«Իշխանությունները պատճառաբանում են, որ այլ ելք չունեն, որ Ադրբեջանը կդիմի ռազմական ագրեսիայի։ Մենք, լինելով ընդդիմություն, չունենալով բավականաչափ ինֆորմացիա, չենք կարող հստակ ասել, թե այդ պատճառաբանությունները որքանով են իրականության հետ համահունչ: Բայց նույնիսկ այդ պատճառաբանությունների ֆոնին բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ եռակողմ հայտարարությունը միայն հայերի համար պարտադրված փաստաթուղթ չէ, այսինքն միայն հայերը այնտեղ պարտավորություններ չունեն: Չէ որ Ալիեւը իր պարտավորությունները չի կատարում, սկսած նույն դիրքում կանգնելուց, գերիներին վերադարձնելուց, հիմա էլ հայտարարության 6–րդ կետը, որով Ադրբեջանը զրկում է Հայաստան-Արցախ միջանցքային կապը»,– նկատեց Հակոբ Հակոբյանը։

Երթուղու փոփոխությունը մտահոգությունների պատճառ է դարձել։ Հնարավո՞ր է, որ ադրբեջանցիները այդ ճանապարհին անցակետեր տեղադրեն. այս հարցադրմանը, ըստ Հակոբյանի՝ Արցախի իշխանությունները հավաստիացրել են, որ նման բան չի լինելու։

«Արցախի իշխանությունները մեզ վստահեցնում են, որ այն ճանապարհը, որը գործելու է, ունենալու է նույն կարգավիճակը ինչ կունենար Լաչինի միջանցքով անցնող Ստեփանակերը-Գորիս ավտոճանապարհը, բայց նման հարցերում բանավոր պայմանավորվածությունները չեն կարող որեւէ էական նշանակություն ունենալ: Պետք է ունենանք հստակ փաստաթուղթ, որտեղ գրված է լինելու, որ ադրբեջանցիները այդ նոր ճանապարհին չեն կարող անցակետ դնել»,– հավելեց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։

Նմանատիպ նյութեր