Շախմատի Հայաստանի հավաքականը հաղթեց Իսպանիային և դարձավ օլիմպիական փոխչեմպիոն. կեցցե՜ք, տղաներ

Շախմատի Հայաստանի հավաքականը հաղթեց Իսպանիային և դարձավ օլիմպիական փոխչեմպիոն. կեցցե՜ք, տղաներ Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթեց Իսպանիային:
 
Մեր հավաքականին հերթական անգամ հաղթանակ ապահովեց Գաբրիել Սարգսյանը՝ առաջին խաղատախտակի վրա պարտության մատնելով աշխարհի երբեմնի ուժեղագույն գրոսմայստերներից մեկին՝ իսպանացի Ալեքսեյ Շիրովին: Մանուել Պետրոսյանը ոչ ոքի խաղաց Դավիդ Անտոն Գուիխարոյի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Խայմե Սանտոս Լատասայի հետ։
 
Այսպիսով, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 19 միավոր վաստակեց և հռչակվեց փոխչեմպիոն: Առաջին անգամ շախմատի պատմության մեջ օլիմպիադայի չեմպիոն դարձավ Ուզբեկստանի ընտրանին, որը 2,5 – 1,5  հաշվով հաղթեց Նիդերլանդների թիմին, մեր հավաքականի հետ հավասար միավորներ վաստակեց, սակայն քանի որ ուզբեկ շախմատիստները մրցաշարում հաղթել էին մեր տղաներին, դա ապահովեց նրանց չեմպիոնությունը:
 
Սակայն սա ոչ մի դեպքում չի կարող նվազեցնել մեր տղաների հաջողության արժեքը: Իրականում սա փառահեղ, փայլուն հաղթանակ էր: Մեր հավաքականին մրցաշարից առաջ ոչ ոք նույնիսկ մրցանակակիրների թվում չէր նշում, սպասելիքները քիչ էին, հաշվի առնելով, որ այս տարիների ընթացքում հավաքականից հեռացել են նրա առաջատարները՝ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը... ու այդքանով հանդերձ, 2-րդ տեղ գրավելը միայն հաղթանակ կարելի է համարել: Անհավանական արդյունք է:

Սա միայն մի բան է նշանակում. հայկական շախմատը շարունակում է ապրել և իր արժանի տեղն ունենալ աշխարհի ուժեղագույն երկրների շարքում: Բրավո, ապրեք, տղաներ:

Իսկ մեր կանայք վերջին տուրում 2,5-1,5 հաշվով առավելության հասան խորվաթուհիների նկատմամբ, վաստակեցին  16 միավոր և բաժանեցին 6-12-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով մեր մարզուհիները  զբաղեցրին 10-րդ տեղը։

Չեմպիոնի կոչումը նվաճեցին  Ուկրաինայի մարզուհիները՝ 18 միավոր։ Նույնքան միավորով  երկրորդը վրացուհիներն են, իսկ ամերիկուհիները երրորդը ՝ 17 միավոր:

Տեսանյութ



© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք