Գիտությանը հատկացվող բյուջեն վերջին շրջանում ավելացել է ավելի քան 80 տոկոսով. Մխիթար Հայրապետյանն հյուրընկալել է գիտնականների

Գիտությանը հատկացվող բյուջեն վերջին շրջանում ավելացել է ավելի քան 80 տոկոսով. Մխիթար Հայրապետյանն հյուրընկալել է գիտնականների Այսօր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը «Իմ քայլը» հիմնադրամի գրասենյակում հյուրընկալել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին և Իլինոյսի Ուրբանա-Շամփեյն համալսարանի Վ. Գրաֆտոնի և Լիլիան Բ․Վիլկինսի անվան մեխանիկայի և ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանին։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
Հանդիպման ժամանակ Նաիրա Հովակիմյանը ներկայացրել է իր պատկերացումները Հայաստանում գիտության զարգացման մասին: Նրա խոսքով՝ Հայաստանի վերածննդի համար պետք է երիտասարդ գիտնականների ներգաղթ կազմակերպել: Ռեսուրսները ճիշտ կազմակերպելու դեպքում նրանք կգան և կփոխեն գիտության նկատմամբ մեր մշակույթը: Նրանք այն երիտասարդ մասնագետներն են, որոնք գիտությամբ զբաղվում են մեծ վճռականությամբ:
«Այս համատեքստում քննարկել ենք հստակ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը:

Պրոֆեսոր Հովակիմյանը հայտնեց, որ արդեն կան երիտասարդ ու պրոֆեսիոնալ գիտնականներ, որոնք պատրաստակամություն են հայտնել վերադառնալ հայրենիք ու այստեղ գիտությամբ զբաղվել: Հայաստանում մրցունակ ու մարտունակ պրոֆեսորիատ ունենալու դեպքում կկարողանանք դիմակայել ու հաղթահարել մի շարք մարտահրավերներ: Դրա համար պետք է ճիշտ առաջարկներ կազմակերպել ու մրցունակ ծրագրեր իրականացնել: Ուզում եմ ընդգծել, որ վերջին շրջանում ՀՀ կառավարությունը գիտությանը հատկացվող բյուջեն ավելացրել է ավելի քան 80 տոկոսով, գիտաշխատողների աշխատավարձերը՝ զգալիորեն բարձրացվել: Գիտության զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն»,-գրել է Մխիթար Հայրապետյանը:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք