211652_close_icon
views-count1968 դիտում article-date 09:57 06-08-2022

Կոռուպցիան ու ամերիկյան ներդրումները. ովքե՞ր և ինչպե՞ս են խոչընդոտել ներդրողներին․ 168.am

168․am-ը գրում է․ «Իշխանության գալուց կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կոռուպցիան վերացել է։ Չկա համակարգային կոռուպցիա։ Այլ բան՝ այդպե՞ս էր, թե՞ ոչ։

Որ Հայաստանում հիմա էլ կոռուպցիան բարձր մակարդակի վրա է, վկայում են այն բազմաթիվ ֆինանսական չարաշահումները, որոնք հայտնաբերվում են տարբեր գերատեսչություններում ու տարբեր պաշտոնյաների գործունեության հետ կապված։ Դեռ ինչքան դեպքեր էլ կան, որոնք պարզապես չեն հայտնաբերվում կամ նպատակահարմար չէ հանրայնացնել։

Հայաստանում նոր որակի է հասել հատկապես հովանավորչությունը, ինչը կոռուպցիայի յուրահատուկ դրսևորումներից մեկն է։ Այդպիսի կոռուպցիոն երևույթների մասին իշխանությունները գերադասում են չխոսել, բայց դա չի նշանակում, թե այն չկա։ Այն կա ու գնալով ընդլայնվում է։

Հայաստանում կոռուպցիան այնպիսի մակարդակում է, որ լուրջ խոչընդոտ է ներդրումների համար։

Սա ոչ թե մենք ենք ասում, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանության հովանավորներից ու ջատագովներից մեկը՝ ի դեմս Միացյալ Նահանգների։

«Կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար»,- սա մի հատված է  Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի օրերս արված հայտարարությունից։

Զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ ներդրողների կարծիքով, տնտեսության շատ ոլորտներ թափանցիկ չեն աշխատում։ Չնայած որոշ բարելավումներին, բազմաթիվ խնդիրներ դեռևս մնում են և պետք է լուծվեն՝ ապահովելու համար թափանցիկ, արդար և կանխատեսելի բիզնես միջավայր:

Մի շարք ներդրողներ մտահոգություն են հայտնել մասնավոր հատվածի և կառավարության միջև երկխոսության որակի վերաբերյալ: Ներդրողները նաև նշել են այն խնդիրները, որոնք վերաբերում են պետական պաշտոնյաների՝ իրենց առջև ծառացած խնդիրներն արագ լուծելու կարողությանը:

Տնտեսության ոլորտներից ԱՄՆ Պետդեպի զեկույցը հատուկ ուշադրություն է դարձրել հանքարդյունաբերությանը՝ նշելով, որ երկրի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային վեճը զգալի միջազգային ուշադրություն է գրավել և մի քանի տարի անց շարունակում է մնալ էական։

Խոսքը այն «վեճի» մասին է, որը կապված է Ամուլսարի շահագործման հետ։

Պետդեպը, իհարկե, խուսափել է ուղիղ ասել, թե ում մեղքով ու ջանքերով առաջացավ այդ «վեճը»։ Բայց փաստ է, որ այն «հրահրվեց» Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ հետո դուրս եկավ Հայաստանի սահմաններից՝ խնդիրներ ստեղծելով ներդրումային միջավայրի համար։

Չորս տարի հետո էլ այդ «վեճը« մնում է չհանգուցալուծված, չնայած վերջին 1-2 տարիներին իշխանությունները ելքեր են փնտրում Ամուլսարի ծրագիրն իրականացնելու համար։ Հիմա արդեն դա բխում է իրենց քաղաքացական շահերից։ Իրենց քաղաքական շահերի պատճառով ժամանակին ամեն ինչ արեցին, որ այս խոշոր ներդրումային ծրագիրը տապալվի։ Այժմ փորձում են վերակենդանացնել, բայց դա այլևս այդքան էլ հեշտ չէ։

Թե իշխանությունների հետապնդած քաղաքական շահերի ու արկածախնդրության հետևանքով ինչպիսի՞ վնասներ կրեց երկրի ներդրումային միջավայրը, վկայում է Հայաստանում ներդրումների այն ցածր մակարդակը, որն ունենք։

Պետդեպի զեկույցը ևս մեկ անգամ փաստում է, որ իշխանությունների գործողությունները եղել են ի վնաս ներդրումների։

Հիշենք նաև բրիտանական «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնի դիտարկումները, որոնց համաձայն՝ Հայաստանի տնտեսության վրա քաղաքական ռիսկի ազդեցությունը բարձր է։ Որպես հետևանք՝ կենտրոնը կոչ էր արել միջազգային կազմակերպություններին և այլ ներդրողներին՝ խուսափել Հայաստանում ներդրումներ, ինչպես նաև ֆինանսական գործառնություններ իրականացնելուց։ Այլապես մեծ է հավանականությունը, որ ներդրողները զգալի կորուստներ կունենան` պայմանավորված զուտ քաղաքական գործոնով։

Նման գնահատականները տնտեսության և ներդրումների օգտին չէին ու թվում էր՝ պետք է լրջորեն մտահոգի իշխանությանը։ Բայց ոչ, Նիկոլ Փաշինյանը մի բան էլ Ազգային ժողովի ամբիոնից հաթաթա էր տալիս ներդրողներին։

«Ընկերություններ կան, որ գալիս են, ասում՝ կդիմենք միջազգային դատարան, ու զգում են, որ ՀՀ ներկայացուցիչները չեն ուշաթափվում, իրենք են վատանում, ո՞նց մեզանից չեք վախում… ո՛չ, չենք վախենում, էդ դուք մեզանից պետք է վախենաք, եթե վախենալու բան կա, և ոչ մենք՝ ձեզնից»,- ի լուր աշխարհի՝ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Այդքանից հետո ուզում էին, որ ներդրողները գան ու ներդրումներ անեն Հայաստանում։

Ներդրումների հետ կապված խնդիրները Հայաստանում շատ են և պայմանավորված չեն միայն կոռուպցիայով ու Ամուլսարի շուրջ ստեղծված միջազգային սկանդալով։

Քանի՞ այլ ներդրողներ՝ բախվելով իշխանությունների կամակորությունների հետ, ստիպված եղան հեռանալ։ Զարմանալի չէ, որ այսօր միջազգային արբիտրաժային դատարաններում տարբեր ներդրումային գործեր են գտնվում՝ Հայաստանի դեմ։

Իսկ ներքին ներդրողները, որոնք ստիպված էին հրաժարվել ներդրումներից՝ վախենալով իշխանությունների հետապնդումներից։ Իշխանափոխությունից հետո կապիտալի անվտանգությունը Հայաստանում հայտնվեց հարցականի տակ։ Մարդիկ ցանկացած պահի և տարբեր անհիմն պատճառաբանություններով կարող էին զրկվել իրենց ունեցվածքից։ Էապես ավելացան սեփականության պաշտպանության հետ կապված ռիսկերը։

Պարզ է, որ սրանք չէին կարող չանհանգստացնել պոտենցիալ ներդրողներին։

Այս ամենը բերում էր երկրի ներդրումային մթնոլորտի վատացման, որպես հետևանք՝ անդրադառնալով ներդրումների վրա։

Այսօր այդ ամենին այլ խնդիրներ էլ են ավելացել, չնայած նախկին խնդիրները, այդ թվում՝ կոռուպցիայի հետ կապված, չեն վերացել։ Կարծում էին՝ հայտարարեցին, թե կոռուպցիան վերացել է ու դրանով կոռուպցիայի խնդիրը փակված է, դրանից հետո ներդրողները լցվելու են Հայաստան։ Պետդեպի զեկույցը վկայում է, որ կոռուպցիան լուրջ խոչընդոտ է ներդրումների համար։

Մինչդեռ, որպեսզի հարևաններից հետ չմնանք, Հայաստանին մեծածավալ ներդրումներ են պետք։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ՀՆԱ-ում օտարերկրյա ներդրումները հասնեն 6 տոկոսի, այսօր ընդամենը 1,7 տոկոս են»։

Մանրամասն՝ սսկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր