Հիմա որպես առաջին քայլ՝ առաջարկում եմ ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ. Ռուբեն Վարդանյան

Հիմա որպես առաջին քայլ՝ առաջարկում եմ ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ. Ռուբեն Վարդանյան

«ՀԱՅԱՍՏԱՆ 2041» հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքի էջում գրել է․



«Արցախում նորից արյուն է թափվում, նորից երիտասարդ կյանքեր ենք կորցնում: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ իբր թե խախտումների պատրվակի ներքո բռնության նոր ալիք է սանձազերծվում: Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր՝ նոր ապակայունացման սպառնալիքն այսօր ավելի մեծ է, քան երբևէ: Ու եթե անգամ ռազմական դիմակայության այս հերթական բռնկումը հաջողվի արագ մարել, նոր էսկալացիաների սպառնալիքն ամենևին չի վերանալու: Այն, որպես «դամոկլյան սուր», մշտապես կախված է Հայաստանի ու Արցախի վրա: Մենք պետք է խոստովանենք, որ հայ ղեկավարներին առայժմ կատեգորիկ կերպով չի բավականացնում կամքն ու պրոֆեսիոնալիզմը՝ Արցախի անվտանգության հարցը համակարգային ձևով լուծելու։



Բայց աշխարհաքաղաքականության հետևում մշտապես պետք է տեսնել սովորական մարդկանց՝ Արցախի ժողովրդի շահերը: Ինձ համար բացարձակապես կարևոր չէ, թե այս անգամ ում քաղաքական սուտն է հաղթելու: Կարծում եմ՝ հիմա գլխավորն այն է, որ Արցախի երեխաները կարողանան մեծանալ առողջ, երջանիկ ու մրցունակ: Որպեսզի կարողանան պարզապես ապրել՝ ապրել անվտանգության լիարժեք զգացողությամբ, հանգիստ գնալ դպրոց ու հավատալ ապագային: Հիմա նրանց համար հեշտ չէ. պատերազմի «մշտական զգացողությունը» խաթարում է նրանց կյանքը, կոտրում ու խեղում է նրանց ճակատագրերը: Հարևան երկրի ագրեսիվ գործողությունները  անհավանական ճնշում են գործադրում Արցախի բնակչության վրա, հետևաբար, նրանք մեր աջակցության կարիքն ունեն: Եվ ես կարծում եմ, որ նրանք իրավունք ունեն այդ աջակցության հույսն ունենալ:



Արցախի երեխաների անվտանգությունը՝ սա՛ է բացարձակ գերակայությունը ինձ ու իմ համախոհների համար: Կարծում եմ, չափազանց կարևոր է բոլոր ջանքերը գործադրել հենց հիմա կանգնեցնելու ռազմական էսկալացիան և հետագայի համար առնվազն արգելափակելու դրա հնարավորությունը:



Որպես առաջին քայլ՝ առաջարկում եմ ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ: Դրա կազմակերպման իրավական ձևերն ու միջոցները կարելի է քննարկել, բայց  նման նախաձեռնությունն ինքնին պետք է համախմբի քաղաքացիական հասարակության, Հայաստանի ու Արցախի իշխանությունների, քաղաքական կուսակցությունների, սփյուռքի և  բոլոր հայրենասերների, բոլոր նրանց ներուժը, որոնք հասկանում են արցախյան հողում հայկականության պահպանման սկզբունքային կարևորությունը:



Անվտանգության առանցքային տարրը հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի գտնվելու ժամկետի երկարաձգման և կոնտինգենտի բազմակի մեծացման հարցի լուծումն է՝ Արցախի անվտանգությունն անվերապահորեն ապահովելու հստակ մանդատով։ Այդ մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել անվտանգությունը:



Այս քայլը թույլ կտա տարածաշրջանում խաղաղություն պահպանել, հումանիտար համագործակցություն հաստատել և երկարաժամկետ հավասարակշռված լուծում գտնել: Դրան հիմա պետք է ուղղված լինեն  մեր դիվանագիտական ջանքերը: Խաղաղապահների ներկայությունը Արցախում ապրող բնակչության համար  ֆիզիկական բացարձակ անվտանգության զգացողություն պետք է ապահովի:



Ցանկանում եմ դիմել ողջ աշխարհի հայությանն ու բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մարդկային կյանքերի ու մարդկության պատմական ժառանգության ոչնչացման նկատմամբ. մենք պետք է բոլոր միջոցներով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վրա: Աշխարհը, որը բարոյախոսում է մարդկային կյանքի արժեքի ու ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի մասին,  պետք է ամենակոշտ գնահատականը տա Ադրբեջանի՝ իրավիճակի ապակայունացմանն ուղղված գործողություններին:



Սակայն, ինչքան էլ որ մեզ համար այսօր կարևոր լինի Ռուսաստանի ու միջազգային հանրության աջակցությունը, մենք չենք կարող, մենք իրավունք չունենք հույս դնել բացառապես արտաքին գործոնի վրա: Մենք՝ հայերս, մեր պատմության ընթացքում չափազանց շատ ենք թույլ տվել, որպեսզի ուրիշները որոշում կայացնեն մեր ճակատագրի վերաբերյալ: Բայց մեր խնդիրները մեր փոխարեն ոչ ոք չի լուծելու:



Ժամանակն է վերջ տալ արցախյան թեմայի շահարկմանը`որպես  իշխանության և ընդդիմության պայքարի խաղաքարտի, ժամանակն է մոռանալ անձնական քաղաքական հավակնությունների մասին: Այս հարցը չպետք է բաժանի հայությանը, չպետք է դառնա ինտրիգների ու հաշիվներ մաքրելու առիթ: Այն պե՛տք է և կարո՛ղ է միավորել մեր ժողովրդին:



Մենք պետք է համատեղ որոշենք ինչպիսի պետություն, ինչպիսի բանակ,  ինչպիսի դիվանագիտություն և անվտանգության այլ միջոցներ են պետք Հայաստանին ու Արցախին: Որոշենք ու անհապաղ անցնենք գործի: Քանի որ Արցախի երեխաները պետք է լիարժեք կյանքի իրավունք ունենան», - նշել է Վարդանյանը։

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք