211652_close_icon
views-count7904 դիտում article-date 10:48 05-08-2022

Համոզված եմ՝ Երևանի կենդանաբանական այգին կդառնա մեր զբոսաշրջային այցեքարտը. Դավիթ Խաժակյան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Անցնող ամիսների ընթացքում մամուլում շրջանառվեց ՀՀ կառավարության որոշումը, ըստ որի` «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ին թույլատրվեց իր կարիքների համար ձեռք բերել կենդանիների սնունդ՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով։ Կառավարության այս որոշմանը նախորդել էին գնման ընթացակարգեր, որոնք ձախողվել էին և հնարավոր չէր եղել ձեռք բերել կենդանիների համար նախատեսված սնունդը։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է արդարացված կառավարության այս որոշումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ անձից գնումները բազմիցս քննադատության են արժանացել:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Խաժակյանը նշում է՝ որպես կենդանաբանական այգու կառավարաման խորհրդի անդամ այս խնդրին ծանոթ է տարեսկզբից, երբ հայտարարված գնումները տապալվեցին և կանխատեսելի էր, որ այդ տեմպերով առաջանալու է կենդանիների սննդի՝ մասնավորապես մսի պակասուրդ։

«Բանն այն է, որ այգու տնօրինության փոփոխության արդյունքում որոշ տնտեսվարողներ սկսեցին ցուցաբերել մրցույթը ձախողելուն ուղղված վարքագիծ, ինչը առաջացրեց լրջագույն խնդիրներ։ Ըստ էության, տնտեսվարողները մասնակցում էին մրցույթներին՝ ներկայացնելով մսի անհավանական ցածր արժեքներ, և երբ գալիս էր գնման պայմանագիրը կնքելու պահը, հրաժարվում էին իրականացնել մատակարարումը։ Այդպես արեցին մրցույթի գրեթե բոլոր մասնակիցները, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ինչ-ինչ շահերից ելնելով վերջիններս համատեղ փորձում էին վնասել մրցութային ընթացակարգերը»,- ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ հատկապես Հայկ Մարությանի պաշտոնավարման շրջանում իրենք բազմիցս քննադատել են մեկ անձից գնման պրակտիկան, քանի որ համարել են, որ դրանք արդարացված չեն եղել.«Այս դեպքում խոսքը կենդանիների սննդակարգի մասին է, որի բնականոն ընթացքը չպետք է խաթարվի բյուրոկրատական խնդիրների պատճառով։ Երբ այգու տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Էդմոնդ Ղազարյանը խնդիրը արդեն իսկ սրված էր, սակայն իր նախաձեռնողականության շնորհիվ հարցը ստացավ ժամանակավոր լուծում, և հայտարարվեց նոր մրցույթ, որի ընթացքը կրկին մտահոգիչ էր։ Այդպիսով կառավարությանը դիմելու որոշումը դարձավ անայլընտրանք»:

Հարցին՝ ներկայումս ի՞նչ իրավիճակ է և կարելի՞ է արդյոք կենդանիների սննդի մատակարարման հարցը լուծված համարել, Խաժակյանը հայտնում է, որ Կառավարության որոշումից անմիջապես հետո ձեռք է բերվել անհրաժեշտ քանակի սնունդ, որը կարող ենք ասել «հանգցրեց կրակը»։

«Ընդ որում մսի որակը բավականին լավն էր և այգու տնօրինությունը այս հարցի վերաբերյալ խիստ հսկողություն է իրականացնում։ Զուգահեռ ընթացքող մրցութային ընթացակարգի արդյունքում կնքվեց նոր պայմանագիր, որով վերականգնվեցին պարբերական մատակարարումները։

Ստացվեց այնպես, որ մեկ անձից գնման հնարավորությունը դարձավ հրատապ լուծում, որը չեմ բացառում, որ կրկին անհրաժեշտ կլինի գործածել, քանի որ գնաճային այս ֆոնին հնարավոր է որ հիմնական մրցույթը շահած մատակարարը չկարողանա ամիսներ առաջ իր ներկայացրած գնային առաջարկով իրականացնել նույն որակի մսի մատակարարում։ Մի բան հստակ է, որ այս տարի այլևս նման խնդիր չենք ունենա»,- նշում է ավագանու անդամը:

Գնահատելով այգու ներկայիս տնօրենի աշխատանքը՝ Դավիթ Խաժակյանը նկատում է՝ վերջին ամիսների ընթացքում այգին լրջորեն բարեկարգվել է և իրականացվել են կառավարչական փոփոխություններ։

«Տնօրինության և կառավարման խորհրդի ուշադրության կենտրոնում են նաև կենդանիների բարեկեցության և կոլեկցիայի համալրման խնդիրները, ուստի համոզված եմ, որ որոշ ժամանակ անց Երևանի կենդանաբանական այգին կդառնա մեր զբոսաշրջային այցեքարտը։ Այգու կառավարման խորհրդում ընգրկված են անվանի մասնագետներ և ուրախ եմ նշել, որ խորհրդի ու տնօրինության համատեղ աշխատանքը էապես մեծացնում է այգու զարգացման տեմպերը»,- եզրափակում է զրուցակիցը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր