211652_close_icon
views-count1010 դիտում article-date 10:36 05-08-2022

Հայաստանը պատասխանատո՛ւ է Արցախի համար․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ադրբեջանական հերթական ագրեսիան, զոհերը, վիրավորները՝ այդ ամենի համար պատասխանատվությունից խուսափելու համար իշխանությունն ու իրենց քարոզիչներն ունեն «հրաշալի» բացատրություն. «Մենք Արցախի տերը չենք, ամեն ինչում ռուսներն են մեղավոր, նրանց խաղաղապահներից էլ հաշիվ պահանջեք»: Այդ բացատրությունը ճիշտ է միայն մասամբ:

Իսկապես՝ եթե ռուսները կտրականապես դեմ լինեին Ադրբեջանի այդ ակտիվացմանը, քիչ հավանական է, որ Ալիեւը ձեռնարկեր այդ վերջին հարձակումը: Բայց ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունն իրականում շարունակում է պատասխանատվություն կրել Արցախում ապրող մեր հայրենակիցների կյանքի եւ անվտանգության համար, բայց իր անհասկանալի, ոչ հստակ դիրքորոշմամբ նպաստում է աղետի խորացմանը:

Եթե մենք ունենայինք պատասխանատու կառավարություն եւ ոչ թե սոսկ «լեզվական ճարպկություններ» կիրառող հռետորներ, ապա, թերեւս, իմաստ կունենար տալ հետեւյալ հարցերը: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Հայաստանն ու Արցախը կապող նոր ճանապարհի մասին ասված է. «Կողմերի համաձայնությամբ մոտակա երեք տարում որոշվելու է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միացնող Լաչինի միջանցքում նոր երթուղու կառուցման պլանը»:  Արդյո՞ք այդ նույն պահին կամ դրանից հետո ձեռք էր բերվել այլ՝ հավելյալ գրավոր կամ բանավոր համաձայնություն, որը հիմա անհրաժեշտ է կյանքի կոչել:  

Եթե նման պայմանավորվածություն կա, ապա գոյություն ունի՞ արդյոք այդ նոր ճանապարհի կառուցման եւ գործարկման ժամանակացույց, կողմերը հետեւո՞ւմ են այդ ժամանակացույցին, թե՞ խախտում են այն: Մտավախություն կարո՞ղ ենք ունենալ, որ գործող ճանապարհը կփակվի, իսկ դրա փոխարեն կաշխատի քարուքանդ, անհարմարավետ ճանապարհ՝ Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի որոշ հատվածների նման:

Հունիսի 27-ին վարչապետն իր ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարել էր, որ Բերձոր քաղաքը, ինչպես եւ Աղավնո եւ Սուս գյուղերն անցնելու են Ադրբեջանին՝ նկատի ունենալով հենց այդ ճանապարհի հանձնումը եւ նորի կառուցումը: Փաշինյանը, սակայն, չի նշել, թե երբ է դա տեղի ունենալու: Երեկ  անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտարարել է, թե Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ, քանի որ չկա հաստատված պլան: Արժե՞ր արդյոք ավելի քան մեկ ամիս առաջ հայտարարել ճանապարհը հանձնելու մասին, եթե չկար եւ առ այսօր չկա հաստատված պլան:

…Կրկնեմ՝ ես կարծում եմ. որ Հայաստանի կառավարությունը պատասխանատու է Արցախի եւ արցախցիների համար: Չեմ բացառում, որ իշխանական ընտրազանգվածն այդ իմ կարծիքը չի կիսում: Ենթադրում եմ նաեւ, որ ինքը՝ կառավարությունն էլ որեւէ պատասխանատվություն 2020-ի նոյեմբերից հետո մեր ունեցած նոր զոհերի եւ տարածքային կորուստների համար չի զգում: Բայց այդ դեպքում թող պաշտոնապես եւ հստակ հայտարարի՝ «մենք Արցախի հետ գործ չունենք, այդ գործով զբաղվում է Ռուսաստանը: Բոլոր դժգոհություններով խնդրում ենք դիմել ռուսներին»: Դա, ինձ թվում է, ավելի ազնիվ դիրքորոշում կլինի, քան քարոզիչների միջոցով ռուս խաղաղապահներից դժգոհելը»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր