Պատանի ձյուդոիստներն արդարացրին սպասելիքները Եվրոպայի օլիմպիական փառատոնում

Պատանի ձյուդոիստներն արդարացրին սպասելիքները Եվրոպայի օլիմպիական փառատոնում

Սլովակիայի Բանկա Բիստրիցա  քաղաքում շարունակվում  է Եվրոպայի  պատանեկան օլիմպիական փառատոնը:  Մեդալակիր  դարձած ձյուդոիստների շարքում են  Հայաստանի առայժմ  երկու  պատվիրակներ: Նրանք են`  հրազդանցի Վահե Աղասյանը / 55 կգ /  և  երևանցի  Արտակ Թորոսյանը / 73 կգ /:



Մեր երկու մարզիկներն էլ  արդարացրին սպասելիքները: Տղաներից  յուրաքանչյուրը իր հաշվին գրանցեց չորս հաղթանակ, մեկ պարտություն և դարձավ բրոնզե մեդալակիր: Հաճելի է և  այն, որ երկուսն էլ  երկուական անգամ  իպոնով  գնահատված մաքուր հաղթանակ տարան  մրցակիցների նկատմամբ և ժամանակից շուտ ավարտեցին գոտեմարտը: Ի դեպ, երկուսն էլ մարզվում են իրենց  հայրիկների ՝  Կարեն Աղասյանի և Վահե Թորոսյանի ղեկավարությամբ:





Արժե  նշել , որ մեդալակիրները նաև Եվրոպայի պատանեկան առաջնությունների մրցանակակիրներ են: Այնուամենայնիվ , երևանցի մարզիչ Վահե Թորոսյանը  դեռևս մտահոգ է: Երեկ, երբ որդու հաջողության առթիվ նրան շնորհավորեցինք, ասաց, որ դեռ անհանգիստ է, որովհետև հուլիսի 28 –ին տատամի կելնի  իր մյուս անձնական սանը՝ Գոռ Կարապետյանը / 81 կգ/: Ընդգծեց, որ Գոռը հուսալի մարզիկ է, Եվրոպայի  այս տարվա պատանեկան առաջնության  արծաթե մեդալակիր , բացի այդ, հաջողությանը նպաստում է նաև մեր պատվիրակության համախմբվածությունը: Իսկ մտահոգության պատճառը մեր բոլոր մարզիկների մրցափորձի պակասն է . . .  

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք