Սերդար Քըլըչը Հայաստանի հետ սահմանամերձ Կարս է այցելել

Սերդար Քըլըչը Հայաստանի հետ սահմանամերձ Կարս է այցելել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր թիմի հետ նախօրեին Հայաստանի հետ սահմակից Կարս է այցելել, հայտնում է «Gazetekars»-ը։

Քըլըչն այցելել է Անիի ավերակներ, Կարսին հարակից Բողաթեֆե գյուղում գործող Պանրի թանգարան, Կարսում գտնվող Պատերազմի պատմության թանգարան, եղել նաեւ Հայաստանի հետ սահմանի՝ Ակյակա գյուղի՝ այս պահին չգործող անցակետ, որից քիչ հեռավորության վրա Շիրակի մարզի Ախուրիկ գյուղն ու հայկական կողմի անցակետն են։ Հաղորդվում է, որ Քըլըչը որոշ հանդիպումներ է անցկացրել։

Օրեր առաջ նույն լրատվամիջոցը հաղորդել էր, որ Հայաստանի հետ սահմանակից հատվածում իսրայելական ընկերության կողմից ականազերծման աշխատանքներ են կատարվում, ինչը պաշտոնապես չի հաստատվել։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 4-րդ հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել 3-րդ երկրների քաղաքացիների համար բացել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանն ու օդային ուղիղ բեռնափոխադրումներ սկսել։

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք