211652_close_icon
views-count829 դիտում article-date 13:03 25-07-2022

Գրքի երևանյան 5-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կանցկացնի Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը: Տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Գրական մրցույթը հայտարարվում է հետևյալ անվանակարգերում.

Արձակ,
Պոեզիա,
Դրամատուրգիա,
Մանկապատանեկան գրականություն:

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր գրողները՝ առանց տարիքային սահմանափակման: Գրքի երևանյան փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղ զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգում հայտ ներկայացնել չեն կարող:

Մրցույթին պետք է ներկայացնել՝
ինքնակենսագրություն (CV),
3 պատմվածք /էսսե կամ վեպից/վիպակից հատված (նվազագույնը՝ 30 էջ)` «Արձակ» անվանակարգի համար,
10 բանաստեղծություն՝ «Պոեզիա» անվանակարգի համար,
1 պիես՝ «Դրամատուրգիա» անվանակարգի համար:
1 հեքիաթ/պատմվածք կա՛մ 1 պատկերազարդ պատմություն, կա՛մ վեպից/վիպակից հատված (նվազագույնը՝ 20 էջ), կա՛մ 10 բանաստեղծություն՝ «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգի համար:

Վեպի և վիպակի պարագայում պետք է առանձին ներկայացնել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը (մինչև 500 բառ):

Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է առանձին գրքով հրատարակված չլինեն: Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։

Հաղթողները կստանան դրամական պարգև 300 հազարական դրամ (ներառյալ հարկերը):

Հայտի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի մասում նշելով կոնտակտային տվյալները, իսկ «թեմա» (subject) բաժնում՝ գրողի անունը և ազգանունը։

Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո հաղթող գործերից հատվածներ են հրապարակվելու:

Մասնագիտական ժյուրին ստեղծագործությունները գնահատելու է՝ հաշվի առնելով.

ժանրային իրացումը,
լեզուն և ոճը,
գեղարվեստական մտածողության ինքնատիպությունը,
արդիականությունը:

Մասնագիտական ժյուրիի կազմում են Գուրգեն Խանջյանը, Հայկ Համբարձումյանը, Սարգիս Հովսեփյանը, Անուշ Ասլիբեկյանը, Արտավազդ Եղիազարյանը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թ. օգոստոսի 20-ն է։

Հաղթողների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 2-ին՝ Գրքի երևանյան փառատոնի փակման արարողության ժամանակ, որի ընթացքում էլ տեղի կունենա մրցանակաբաշխությունը:

Նմանատիպ նյութեր