211652_close_icon
views-count5836 դիտում article-date 09:13 21-07-2022

«Ձեզ ջերմ ողջույններ է փոխանցում Ադրբեջանի նախագահը». Պուտինը՝ Էրդողանին․ «Ամերիկայի ձայն»

Ինչպես Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը, Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ բանակցություններին Խամենեին, ըստ Իրնա գործակալության, անդրադարձել է նաև Հայաստանին՝ ընդգծելով՝ «Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք կհանգեցնեն Հայաստանի հետ Իրանի սահմանի արգելափակմանը»: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Թեհրան կատարած իր այցի ընթացքում ՌԴ նախագահ Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանին: Մոտ մեկ րոպե Ռուսաստանի առաջնորդը ստիպված էր սպասել ուշացմամբ հանդիպմանը ժամանած Թուրքիայի նախագահին: Իր բացման խոսքում, անդրադառնալով հանդիպման հիմնական նպատակ ուկրաինական հացահատիկի խնդրին, Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին իր միջնորդական ջանքերի համար՝ Սև ծովով հացահատիկի արտահանման խնդիրը կարգավորելու նպատակով:

«Ձեր միջնորդությամբ մենք առաջ ենք շարժվել։ Ճիշտ է, դեռ ոչ բոլոր հարցերն են լուծված, բայց որ առաջընթաց կա, արդեն լավ է»,- ասել է Պուտինը:

Իր խոսքում նա նշել է, որ առկա են շատ հարցեր սիրիական կարգավորման վերաբերյալ։ Բացի այդ, Պուտինը շեշտել է՝ «մեր տեսադաշտում է նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը։ Վերջերս հանդիպել եմ Ադրբեջանի նախագահին Կասպից ծովի գագաթնաժողովի շրջանակներում, ով Ձեզ էր փոխանցում իր ողջույնի խոսքերը»,- ասել է նա:

Թուրքիայի նախագահը դրական է որակել այս հարցի շուրջ առաջնորդների հանդիպման փաստը և հույս հայտնել, որ ռուսական կողմը դրական դիրքորոշում կորդեգրի այս հարցի կապակցությամբ, ինչպես որդեգրել էր, ըստ Էրդողանի, վերջերս ստամբուլյան հանդիպման ընթացքում:

«Այն արդյունքը, որ մենք կստանանք այս հանդիպումից, դրական ազդեցություն կունենա ամբողջ աշխարհի համար»,- ասել է Էրդողանը։

Ավելի ուշ լրագրողների հետ հանդիպման ընթացքում Պուտինը հայտնել է, որ հարցը փոխկապակցված է ռուսական հացահատիկի նկատմամբ սահմանափակումների վերացման հետ: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու ուկրաինական հացահատիկի արտահանմանը՝ ռուսական հացահատիկի արտահանման հետ կապված բոլոր սահմանափակումների վերացման դիմաց:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր սա Կրեմլի ղեկավարի առաջին ուղևորությունն էր նախկին ԽՍՀՄ-ի տարածքից դուրս:

Նմանատիպ նյութեր