Ջրառատ համայնքում ընթանում են Ս. Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի շինարարական աշխատանքները

Ջրառատ համայնքում ընթանում են Ս. Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի շինարարական աշխատանքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզի Ջրառատ համայնք՝ հետևելու ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին:



Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքը:



ԿԳՄՍ նախարարի տեղակալին շինհրապարակում ուղեկցել են Սիմոն Մարտիրոսյանն ու շինարարական հարցերով պատասխանատուները:



Կառուցվող մարզադպրոցն ընդհանուր առմամբ զբաղեցնում է շուրջ 800 քառակուսի մետր տարածք: Շինարարները զեկուցել են, որ կառուցման աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով, իսկ այս տարվա վերջին, ծրագրվածի համաձայն, նախատեսվում է շահագործման հանձնել ամբողջովին կահավորված մարզադահլիճը:



Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին: Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը գնահատվել է 541 մլն 884,6 հազար դրամ:



Հիշեցնենք՝ պետական բյուջեի միջոցներով և Քաղաքաշինության կոմիտեի պատվերատվությամբ ներկայում իրականացվում է մարզական նշանակության շինարարական ևս 4 ծրագիր՝ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի, նույն քոլեջի մարզադահլիճների, «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի, ինչպես նաև Հեծանվային սպորտի ու Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման և վերակառուցման աշխատանքները:



Զուգահեռաբար իրագործվում է հանրակրթական դպրոցների 22 մարզադահլիճների կառուցման, վերակառուցման ծրագիր:



Այս տարվա բյուջեով բոլոր ծրագրերի համար հատկացվել է շուրջ 6 մլրդ դրամ, որից շուրջ 2.4 մլրդ դրամը՝ մասնագիտացված մարզադպրոցների, իսկ մոտ 3.6 մլրդ դրամը՝ 22 մարզադահլիճների համար:









Տեսանյութ



© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք