Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են ռուսական համարաներով ոսկեգույն «յաշիկն» ու կցորդիչով ЗИЛ-ը, վիրավորին հիվանդանոց է տեղափոխել Սևանի ոստիկանապետի եղբայրը, հայտնաբերվել է վթարային իրավիճակ ստեղծած BMW-ն.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են ռուսական համարաներով ոսկեգույն «յաշիկն» ու կցորդիչով ЗИЛ-ը, վիրավորին հիվանդանոց է տեղափոխել Սևանի ոստիկանապետի եղբայրը, հայտնաբերվել է վթարային իրավիճակ ստեղծած BMW-ն.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ  Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են ռուսական համարանիշներով Mercedes G500 և ЗИЛ մակնիշի կցորդիչով ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր եղել են երիտասարդ տղաներ, Mercedes-ի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և սեփական ավտոմեքենայով տեղափոխել են «Սևան» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել բեռնատարի և «յաշիկի» պոկված ու շպրված գազաբալոնի փականները։ 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ  սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել ЗИЛ-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ ասելով, որ իրեն լավ է զգում։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության  Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռազմիկ Բոշյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է BMW մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ ЗИЛ-ի վարորդի, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն է դարձել է ավտովթարի պատճառ։

Ոստիկաններն ու քննիչները վթարի հարևանությամբ գործող հանգստյան գոտիներից մեկում հայտնաբերել են BMW մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ նախնական տեղեկությունների, վթարային իրավիճակ ստեղծողն է եղել։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։ 

ՀԿԳ ավագ քննիչ Ռ. Բոշյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորին առաջինը օգնություն ցուցաբերողները Գեղարքունիքի մարզի բնակիչներ են, իսկ վիրավորին ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխողը եղել է ոստիկանության Սևանի բաժնի պետ Ս. Ջանիկյանի եղբայրը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք