211652_close_icon
views-count812 դիտում article-date 14:45 05-07-2022

«Ապրելու երկիր» կուսակցության համար Սահմանադրության նկատմամբ հարգանքը առաջնային պարտականություն է

«Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ.

Իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով:

Այսօր Հայաստանի Սահմանադրության օրն է, և օրվա առիթն օգտագործելով՝ ընդգծում ենք՝ Մայր Օրենքի հենց այս հիմնարար կետի ամրագրումն է «Ապրելու երկիր» կուսակցության համար շարժիչ ուժը քաղաքականությունում։

Մենք իշխանության գալու ամենաուղիղ ճանապարհը համարում ենք ընտրություններում մեր հաղթանակը։ Երեկվանից սկսած, այսօր և անընդհատ աշխատում ենք ստեղծել այնպիսի առաջարկ, որը ժողովուրդն ընդունի և մեզ պատվիրակի այն իրականացնելու։

«Ապրելու երկիր» կուսակցության համար Սահմանադրության նկատմամբ հարգանքը առաջնային պարտականություն է, և դրանից բխում է սեփական օրինակով նաև այլոց մեջ նույն զգացումը բարձր պահելու ձգտումը։

Մայր օրենքը պետք է արտացոլի ժողովրդի և պետության գերակայությունները, որին անվերապահորեն հետևելը պետք է լինի յուրաքանչյուր իշխանության պարտականությունը։

Պետք է երբեք չմոռանալ փաստաթղթում ամրագրվածը՝ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Եվ ժամանակի մարտահրավերներին այն համապատասխանեցնելու մասին քննարկումները պետք է ունենան առողջ հիմք ու անցնեն լուրջ փուլերով, երբեք չդառնան օրվա շահերը սպասարկելու, սեփական օրակարգերին ծառայեցնելու միտում, ինչը, ցավոք, շարունակում է մնալ օրվա իշխանությունների անփոփոխ ձեռագիր։

Այդուհանդերձ, անքակտելի և անբեկանելի պետք է մնա Սահմանադրության առաջին հոդվածը՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Նմանատիպ նյութեր